Արևմուտքի երկրներում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակված անձանց թիվը: Վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 399 հազար մարդ, գրանցվել է մահացության 17 հազար 365 դեպք:
Իսպանիայում կտրուկ աճել է կորոնավիրուսից մահացությունը, միայն վերջին մեկ օրվա ընթացքում այստեղ վիրուսը խլել է 514 մարդու կյանք: Պաշտոնական տվյալներով՝ Covid-19-ից արդեն մահացել է 2696 մարդ, հիվանդացել՝ շուրջ 40 հազարը, այդ թվում՝ 4400 բուժաշխատող:
Ռոբերտ Կոխի անվան գերմանական ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցում է 27 հազար 400-ը (Ջոն Հոփքինսի անվան ինստիտուտը հաղորդում է ավելի քան 30 հազար հիվանդի մասին):
Ջոն Հոփկինսի անվան ամերիկյան ինստիտուտի տվյալներով ՝ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 64 հազար և մահացության 6000 դեպք։ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին հայտարարել է, որ վարակակիրների իրական թիվը կարող է մոտ 600 հազար լինել: Նա միևնույն ժամանակ նշել է, որ Իտալիայում կորոնավիրուսի նվազման առաջին նշաններն են ի հայտ գալիս, նվազում է վարակի տարածման տեմպը և մահացությունների թիվը:
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այսուհետ բրիտանացիները տանից կարող են դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, օրինակ` մթերք կամ առաջին անհրաժեշտության ապրանք գնելու համար: Բացի այդ բրիտանացիները կարող են օրական 1 անգամ ֆիզիկական վարժություններ կատարել բաց երկնքի տակ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ