ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի տեղեկացմամբ՝ առաջին ատյանի դատարանի «դրսևորած անգործության» դեմ վերաքննիչ բողոք են ներկայացնելու:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պաշտպանը հիշեցրեց՝ ներկայացրել էին միջնորդություն, որով խնդրել էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել և ընտրել անձնական երաշխավորությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ նախկին երեք վարչապետերը և Արցախի Հանրապետության նախկին մեկ վարչապետ պատրաստակամություն էին հայտնել անձնական երաշխավորությամբ ապահովել անհրաժեշտ դատավարական ընթացակարգի պահպանումը:
Հայկ Ալումյանն ասաց՝ ենթադրվում էր, որ մարտի 17-ի դատական նիստին պետք է քննարկվեր իրենց միջնորդությունը, սակայն նիստը տեղի չունեցավ:
Այս առիթով նա ասաց. «Մեզ պատճառաբանեցին, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է: Չնայած մեր բոլոր պնդումներին՝ մեզ այդպես էլ այդ օրը չասացին, թե ինչ աստիճանի առողջական խնդիր է: Մենք դետալներ չէինք ուզում իմանալ, ուղղակի հասկանայինք, թե ինչ կանխատեսումներ կան կապված հաջորդ դատական նիստի օրվա հետ: Հետո իմացանք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել է: Մենք անմիջապես միջնորդեցինք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության նախագահին, որ մեր միջնորդության քննությունը փոխանցեն որևէ այլ դատավորի, մանավանդ խափանման միջոցի հետ կապված հարցի լուծումն անհապաղ լուծման ենթակա հարց է»:
Կարդացեք նաև
Հայկ Ալումյանն ասաց, որ մարտի 23-ին դատարանի նախագահը գրությամբ մերժել է իրենց խնդրանքը:
Նա ասաց, որ այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել ու մանրամասնեց. «Մեր օրենքը չի նախատեսում, որ դատավորի կողմից միջնորդությունը չքննելը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան, բայց Եվրոպական կոնվենցիան նախատեսում է, որ եթե որևէ անձ բողոքում է, որ իր կոնվենցիոն իրավունքը խախտվել է, պետությունը պետք է արդյունավետ պաշտպանիչ միջոց տրամադրի, իսկ մեր երկրում միակը Վերաքննիչ դատարանն է: Անկախ նրանից, որ ներպետական օրենքը անհրաժեշտ կառուցակարգեր չունի, այնուամենայնիվ, եթե հիմք ընդունենք Կոնվենցիայի պահանջները, Վերաքննիչ դատարանը պետք է քննի մեր վերաքննիչ բողոքը: Բայց կքննի, թե ոչ, այս գործով շատ ուրիշ գործոններ կան, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն գործի վրա, քան օրենքը կամ Եվրոպական կոնվենցիան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ