Հարգելի՛ հայրենակիցներ
Ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթը: Համաձայն վերջինիս՝ ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է երկու նոր հանցագործություններ նախատեսող հոդվածներով:
Մասնավորապես՝ օրենսգրքում՝ 124.1 հոդվածով, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների շարքում ավելացել է նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը:
Ըստ այդմ՝
Կարդացեք նաև
- Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
- Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
- Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով»։
Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թվում ավելացել է ՀՀ քրեական օրենսգրքի 277.1 հոդվածը, որը վերաբերում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելուն:
Համաձայն վերջինիս՝
- Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա։
- Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։
- Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
- Սույն հոդվածի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
- Սույն հոդվածի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Նկատի ունենալով, որ Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից հայտարարվել է նոր կորոնավիրուսային (2019n-CoV) համավարակ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն՝ ՀՀ գլխավոր դատախազությունը զգուշացնում է, որ իրավապահ մարմինների կողմից իրականացվելու է խիստ հսկողություն՝ ՀՀ կառավարության կողմից 2020թ. մարտի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 298-Ն որոշմամբ սահմանված, ինչպես նաև պարետի կողմից հընթացս կայացվող որոշումներով նախատեսվող կանոնների և սահմանափակումների պահպանման նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված վերոնշյալ լրացումներով նախատեսված հանցավոր արարքների նախականխման, ինչպես նաև նման դեպքերի բացահայտման և քրեաիրավական գնահատականի արժանացնելու նպատակով:
Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է, որ հանցանքն արտակարգ դրության պայմաններում կատարելը պատասխանատվությունը և պատիժը խստացնող հանգամանք է: Այսինքն, տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված սահմանափակումների խախտմամբ կատարված հանցագործությունների դեպքում այդ հանգամանքը համապատասխան գնահատականի կարժանանա անձի պատասխանատվության և պատժի որոշման հարցի քննարկման շրջանակներում:
Հորդորում ենք դրսևորել խոհեմություն, քաղաքացիական բարձր գիտակցություն, կարգապահություն և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք հղի են քրեական պատասխանատվություն առաջացնող հետևանքներով և կարող են սպառնալ առանձին անձանց, հատկապես խոցելի սոցիալական խմբերի ներկայացուցիչների առողջությանն ու կյանքին, վտանգել հանրային առողջապահական անվտանգությունը:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին