Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ. «Կա ալկոգելի մեծ չափով մնացորդ արտադրող ընկերություններում»

Մարտ 24,2020 18:40

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը վստահեցնում է՝ պարենի եւ ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների առկա պաշարների խնդիր չկա, Լարսի անցակետն աշխատում է, բեռնափոխադրումների խնդիր չունենք:

Այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը Գեւորգյանն ասաց՝ խոշոր առեւտրի կենտրոններում պիկ օրերին մի քանի անգամ ավել գնում է կատարվել, բայց դարակաշարները դատարկ չեն մնացել, դրանք լցվել են ապրանքներով: Ընդ որում` հանձնաժողովի նախագահը չվստահեցրեց՝ առեւտրի խոշոր կետերում գների անկում է գրանցվել:

Վերջին շրջանում ալկոգելի թանկացման շուրջ դժգոհություններ կան, բայց Գեւորգյանը վստահեցրեց՝ ուսումնասիրել են բժշկական սպիրտի մեծածախ ոլորտը, այս սպիրտից են պատրաստում ալկոգելը.«Գնի չնչին փոփոխություն է տեղի ունեցել, մի քանի դրամ՝ դոլարի կուրսի հետ կապված, բայց ալկոգելի գնի վրա չի ազդել ընդհանրապես: Սկզբնական փուլում դեղատներում ալկոգելի օրական ծավալի պակաս էր լինում, քանի որ շատ էին գնում, այս պահին բոլոր խոշոր ցանցերում՝ «Ալֆա-Ֆարմ», «Տոնուս», «Լեւոն-Լամարա», «Վագա-Ֆարմ», «Նատալի-Ֆարմ», «Ռիխտեր-Լամբրոմ» նույնիսկ կա մնացորդ, այդ թվում կա մեծ չափով մնացորդ ալկոգել արտադրող ընկերություններում»:

Թեեւ գյուղապրանքները հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում չէ, քանի որ մենաշնորհ ու գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող չկա, բայց, ինչպես Գեւորգյանն ասաց, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունն ու սոցիալական ցանցերում դժգոհությունները, ուսումնասիրություն են իրականացրել տեղական խնձորի, կիվիի, մանդարինի, նարինջի, պղպեղի, վարունգի, կարտոֆիլի, լոլիկի շուկան.«Կա թանկացում, բայց սեզոնային է:

Մարտ ամիսը համարվում է գյուղատնտեսական ջերմոցային ապրանքի ամենաթանկ սեզոնը: Ամենաթանկ սեգմենտը՝ ջերմոցային պոմիդորը, սովորական սպառման ծավալի մեջ չի մտնում, բայց սովորական պոմիդորի գինը 13 օր նույնն է եղել: Սա ըստ «Երեւան-Սիթիի» եւ «Նոր Զովքի» գների: «Սպայկան» էլ տեղական մեծաքանակ արտադրության պոմիդոր եւ վարունգ է տրամադրում ցանցերին: Շուկաներում այս ապրանքների գները ցածր են: Տեղական խնձորն էժանացել է ներմուծված ապրանքների՝ ցիտրուսների գները մի փոքր բարձրացել են, սակայն վերջին երկու օրվա ընթացքում թե՛ կիվիի, թե՛ մանդարինի գները նվազել են: Իմբիրից են դժգոհում, բայց դա մեր սեգմենտը չի, եւ կարծում եմ, այսօր դրանք առաջին անհրաժեշտության ապրանքները չեն, եւ այդ շուկայում չկա խոշոր տնտեսվարող»:

ՏՄՊՊՀ-ն նպարեղենի շուկան էլ է ուսումնասիրել. Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց՝ թանկացում չկա, եթե կա էլ, էական չէ. ««Ոսկե ջրաղաց»-ի՝ բրինձ-երկար, գնի փոփոխություն չկա, բրինձ-թայլանդական՝ սկզբում գնանկում է եղել 50 դրամով, հետո 20 դրամով թանկացել է, հետո թանկացել է 40 դրամով: Սա պայմանավորված է խմբաքանակներով, ոսպն ու հնդակաձավարը՝ նույնպես: Ձեթը՝ մարտի 4-ին 60 դրամով էժանացել է, մատի 16-ին գինը վերականգնվել է, ամսի 19-ից մի փոքր թանկացել է: Մեզ մի փոքր ժամանակ է պետք ուսումնասիրենք ներկրման ծավալներն ու հասկանանք գնային փոփոխությունը՝ երբ է ներկրվել, դոլարի տատանման հետ կապ ունի՞, թե՞ ոչ»:

Հավի ձվի շուկայում, ըստ ՏՄՊՊՀ-ի, եթե նախկինում կար դեմպինգ եւ արհեստական էժանացում, ապա հիմա գները նորմավորվում են: Նոր զելանդական կարագն էլ, ինչպես Գեւորգյանն ասաց, 3530 դրամից չի թանկացել, Լոռի պանիրը՝ նույնպես, սիրողական երշիկը եւս, 2100 դրամից չի թանկացել: Նույնը թթվասերի շուկայում է, Գեւորգյանն ասաց, որ 1-2 ընկերության արտադրած թթվասերի գինը բարձրանում-իջնում է:

Մածունն ու կաթը, մեկ թանկանում, մեկ՝ էժանանում են. հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ՝ «Անի կաթը» 410 դրամից դարձել է 380 դրամ, Մարիանան՝ թանկացել է, բայց պետք է ուսումնասիրեն, պատճառը հասկանան, քանի որ կաթի սեզոն չէ, կովերի կաթնատվությունը ցածր է:

Ալյուրի շուկայում էլ գները իջնել, բարձրացել են, հետո էլի իջել: Ինչպես ասաց Գեւորգյանը, Բաղրամյանի ալյուրի 1 կգ-ն փետրվարի 26-ից մինչեւ մարտի 3-ը եղել է 280 դրամ, մարտի 4-14-ին՝ 255 դրամ, մարտի 15-ին բարձրացել է, դարձել 270 դրամ, հետո նորից նվազել է՝ 255 դրամ, իսկ երեկ 260 դրամ էր»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031