«Մի բան ենք խնդրում՝ մնացեք տանը, այդ կերպ օգնեք պետությանը եւ պահպանեք առողջապահության նախարարության ցուցումները»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: Նա համոզմունք հայտնեց, որ կորոնավիրուսի մարտահրավերն ուղղված է ոչ միայն մարդկանց, այլեւ տեխնոլոգիաներին, եւ աշխարհն աշխատում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ:
«Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն էլ նկատեց. «Մեր կառավարությունն ավելի առաջ է: Եվրոպական երկրներից մեկում այսօր անում են այն, ինչը մենք արեցինք մեկ շաբաթ առաջ: Հիմա քաղաքացիները խստագույնս պետք է հետեւեն պարետատան ցուցումներին: Միաժամանակ, ամեն ինչ կանգ առնել չի կարող՝ զինված ուժերը, ոստիկանությունը, մթերային խանութները»:
ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ շեշտեց՝ որոշ քաղաքացիներ պնդում են, որ վիրուսը ոչ մի կերպ իրենց չի կպնելու. «Սակայն յուրաքանչյուրի համար կարեւոր է գիտակցել, որ պետք է զգույշ եւ պատասխանատու լինել, չվտանգել ընտանիքի առողջությունը»:
Կարդացեք նաև
ԼՀԿ մեկ այլ պատգամավոր Անի Սամսոնյանն էլ շեշտեց՝ Էջմիածնից ահազանգում են այն մասին, որ ՀԷՑ-ի տեսուչները բնակիչներից պահանջում են էլեկտրաէներգիայի վճարումն անել, այլապես կանջատեն, մինչդեռ շատերը կորոնավիրուսի տարածման պատճառով փակված հիմնարկներում են աշխատել, ու հիմա փաստի առաջ են կանգնել: Պատգամավորն արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին առաջարկեց հանդիպել հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ եւ լուծումներ փնտրել՝ ի՞նչ անել, որ ոչ ընկերությունները տուժեն, ոչ քաղաքացիները:
ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն էլ պարետին առաջարկեց քննարկել ուղեւորափոխադրողների հարկերը ներելու հարցը, որովհետեւ ուղեւորահոսք չկա, փոխադրողները եկամուտ չունեն:
ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ուշագրավ հարցադրում արեց. «Արդյոք հայ ժողովուրդն արժանի՞ չէ, որ այս իրավիճակում Ամենայն հայոց կաթողիկոսն ու նախագահն ուղերձ հղեն»:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ