Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործատուն չի կարող պարտադրել այս իրավիճակում, որպեսզի աշխատողը գնա չվճարվող արձակուրդի. Ժորա Սարգսյան

Մարտ 24,2020 18:30

Ի՞նչ պետք է անեն այն աշխատողները, որոնք օրավարձով են աշխատում եւ, իրավիճակով պայմանավորված, ստիպված են չաշխատել: Այսօր կառավարության մամուլի սրահում պատասխանելով այս հարցին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն ասաց. «Օրավարձը ընդամենն աշխատավարձի որոշման ձեւն է: Օրավարձով աշխատող չի նշանակում, որ ինքը չունի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք սահմանված են Աշխատանքային օրենսգրքով՝ ինչպես օրինակ մեկ այլ աշխատող, որը վարձատրվում է ամսվա վերջում եւ ամբողջական դրույքով: Եթե, իհարկե, ունի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր: Հետևաբար` այն կարգավորումները, որոնք կլինեն համընդհանուր,  նաեւ կտարածվեն օրավարձով աշխատողների վրա»:

Պարոն Սարգսյանը ասուլիս էր  հրավիրել՝ ներկայացնելու կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակում ինչ կարգավորումներ կան ՀՀ աշխատանքային օրենսգրքով եւ, տվյալ իրավիճակում, աշխատողները եւ գործատուներն ինչպես պետք է առաջնորդվեն:
Վարչության պետից հետաքրքրվեցին՝ նախարարությունն ունի՞ հաշվարկներ, ստեղծված իրավիճակում որքա՞ն մարդ կդառնա գործազուրկ եւ կա՞ն արդյոք ծրագրեր գործազուրկների շարքերը համալրող մարդկանց համար եւ արդյոք կտրվի՞ նրանց նպաստ:

Նախարարության պաշտոնյան, ասաց, որ այս պահին թվեր չի կարող հնչեցնել, քանի որ արտակարգ դրությունը մարտի  16-ից եւ ընդամենը 10 օր է այս գործընթացը: Սակայն, ըստ նրա,  եթե կրճատումներ էլ լինեն աշխատաշուկայում մեկ օրվա հարց չէ: Նրա խոսքով, այդ մարդկանց կփորձեն ընդգրկել զբաղվածության ծրագրերում: Ինչ վերաբերում է նպաստ տալ՝ չտալուն, ապա, ըստ Ժորա Սարգսյանի, Աշխատանքի եւ զբաղվածության վարչությունը չի մշակում եւ իրականացնում այդ քաղաքականությունը, բայց որոշակի լուծումներ կնախատեսեն:

Հարցին՝ թե այս օրերին աշխատակիցներ են ահազանգում , որ գործատուները հրաժարվում են աշխատավարձ վճարել, ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվելու այդպիսի գործատուների նկատմամբ կամ նրանց, որոնք  ստիպում են աշխատողներին իրենց հաշվին արձակուրդ վերցնել, Ժորա Սարգսյանն ասաց՝ «Այսօր էլ այդ հարցը կարգավորված է Աշխատանքային օրենսգրքով: Եթե այն իրավիճակն է, որ ոչ աշխատողի մեղքով է, բայց գործատուն ինքը չի ցանկանում տվյալ իրավիճակում իր աշխատանքային գործունեությունը, բայց որեւէ մեկը չի սահմանափակել նրա գործունեությունը, կստացվի որ ոչ աշխատողի մեղքով պարապուրդ է, որի համար վճարում է գործատուն:  Աշխատողները կարող են դիմել Աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմնին, որը իրավասու է իրականացնել վերահսկողական գործառույթներ»:

Ինչ վերաբերում է չվճարվող արձակուրդին, ըստ պարոն Սարգսյանի, աշխատողը, եթե ցանկանում է, գործատուն պետք է տա արձակուրդ. «Դա իմպերատիվ պահանջ է գործատուի համար, իսկ մնացած դեպքերում, որը որ կա՝ հնարավորություն մինչեւ 60 օրը չվճարվող արձակուրդ տրամադրել աշխատողին, այստեղ սահմանված է, որ այն տրամադրվում է միայն կողմերի համաձայնությամբ, հետեւաբար, պարտադրել եզրույթը տեղին եւ կիրառելի չէ: Եթե աշխատողը չի ցանկանում արձակուրդ վերցնել եւ չի գրում դիմում, գործատուն չի կարող պարտադրել այս իրավիճակում, որպեսզի աշխատողը գնա չվճարվող արձակուրդի»:

Հարցին էլ՝ կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում աշխատող-գործատու իրավահարաբերություններն ինչպե՞ս են կարգավորվելու, արդյոք գործատուն կկարողանա՞ աշխատողին հեռացնել երկարատեւ բուժման պատճառաբանությամբ, Ժորա Սարգսյանն ասաց, որ այդ հարցը  եւս կարգավորված է աշխատանքային օրենսդրությամբ. «Եթե աշխատողը գտնվում է անաշխատունակության մեջ, կարող է նա անաշխատունակության թերթիկ ունենալ եւ այդ ժամանակահատվածում չաշխատել, իսկ այդ ընթացքում, աշխատանքային օրենսդրության կարգավորումների համաձայն, գործատուն իրավունք չունի իր նախաձեռնությամբ աշխատողի հետ լուծել աշխատանքային պայմանագիրը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031