Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինակ՝ «Երևան մոլը» չի գործում, բայց այնտեղի պարենային խանութը և դեղատունը հանգիստ կարող են աշխատել. սահմանափակում չկա». Վարոս Սիմոնյան

Մարտ 24,2020 17:48

«ՀՀ տարածքում արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը՝ բացառությամբ ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանված կետերի և գործունեության տեսակների: Նախատեսված բացառություններով՝ թույլատրվում է իրականացնել տնտեսական գործունեության շրջանակներում խոհանոցների գործունեություն՝ սննդի պատրաստում և բուֆետների գործունեություն: Տնտեսվարողների մոտ ճաշարանների և խորտկարանների ծառայությունները չեն արգելվի»,- քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պարզաբանեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Նախարարի տեղակալը հայտնեց, որ բացառությունների շարքում են նաև մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների գործունեությունը, ճնշման չափման սարքավորումները կամ կոմունալ վճարների Telcell  սարքերի գործունեությունը:

Վարոս Սիմոնյանն հիշեցրեց՝ առևտրի կենտրոնների, մոլերի գործունեության նկատմամբ կան սահմանափակումներ, միևնույն ժամանակ հստակեցրեց. «Առևտրի իրականացման վայրերի գործունեությունն արգելվելու է՝ բացառությամբ այդ վայրերում գործող պարենային խանութների, դեղատների, գյուղատնտեսական ապրանքների շուկաների: Օրինակ՝ «Երևան մոլի» գործունեության նկատմամբ կիրառվում է  սահմանափակում. այն չի գործում, բայց այնտեղ գործող պարենային խանութը և դեղատունը հանգիստ կարող են աշխատել»:

Հիշեցմանը՝ վաղվանից փակվելու են «Պրես ստենդի» կրպակները և դիտարկմանը՝ ըստ էության փորձում են լռեցնել մամուլը, հետևաբար ո՞վ է վճարելու լրագրողների աշխատավարձերը, Վարոս Սիմոնյանը պարզաբանեց. «Սրանք այն միջոցառումներն են, որոնք ուղղված չեն տնտեսական գործունեության դադարեցմանը կամ որևէ ձևով ճնշումներ գործադրելուն, բիզնեսին վնաս տալուն: Սրանք պարտադրված գործողություններ են՝ ուղղված բոլորիս առողջության ապահովմանը: Եթե կիրառում են սահմանափակումներ, դրանք ոչ միայն կարող են վերաբերվել մամուլին, այլև այլ տնտեսվարողներին: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այս միջոցառումներին, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը»:

Լրագրողները փաստեցին՝ Վրաստանի տարածքում գտնվող բեռնատարների հոսքին և գոյություն ունեցող հերթերին վերաբերող ահազանգեր կան: Ասուլիսին պարզաբանվեց, որ երեկվանից՝ ժամը 17.00-ից սկսած մեր բեռնատարները սկսել են հատել Հայաստան-Վրաստան սահմանը, մասնավորապես, նախապատվություն է տրվել շուտ փչացող մթերքներին:

Նախարարի տեղակալը հավելեց. «Տարանցիկ բեռնափոխադրումները Վրաստանի տարածքով իրականացվում են միայն ուղեկցությամբ. մի անցակետից մյուս անցակետ անցումը կատարվում է ոստիկանի ուղեկցությամբ: Մինչև ուղևորվելը մեքենաներն ախտահանվում են: Օրինակ, եթե Մառնեուլիից ուղևորվում են վերին Լարս, նույնպես ախտահանվում են, հետո հատում ՌԴ սահմանը: Իսկ Վրաստանի Հանրապետություն ներմուծումների դեպքում ստուգում է իրականացվում՝ արդյոք վարորդը եղե՞լ է համաճարակային ռիսկային գոտում: Եթե այո, ապա ընդհանրապես չի թույլատրվում մտնել Վրաստան: Եթե անհրաժեշտություն է լինում, հոսպիտալացնում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031