Արդեն 9-րդ օրն է Հայաստանն ապրում է արտակարգ դրության պայմաններում: Պարետ Տիգրան Ավինյանն օրեր առաջ հայտարարել է՝ կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչեւ արտակարգ դրության ռեժիմի ավարտը ՀՀ-ում արգելվելու են առեւտրի կենտրոնների գործունեությունը՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների, մանրածախ առեւտրի գործունեության:
Կառավարությունը մարդկանց հորդորում է՝ հնարավորության դեպքում՝ տանից դուրս չգալ: Բայց քչերն են հետեւում այս հորդորին: Օրինակ՝ արտակարգ դրությունը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան «չի հասել», թեեւ այստեղ կյանքն առաջվա պես չի եռում, բայց երեկ դրսում շատ մարդիկ կային, բակի տղամարդիկ «քիփլիկ» նստած զրուցում էին, պապիկ-տատիկները թոռներին զբոսանքի էին հանել, դիմակներ էլ չէին կրում: Ասում էին՝ վարակվելուց չեն վախենում:
Այս համայնքում տնտեսական խանութները բաց էին, հագուստի 1-2 խանութ էր փակ: Իսկ ահա վարկային կազմակերպությունն աշխատում էր «արտակարգ ռեժիմով». մարդիկ անգամ հերթ էին կանգնել, բայց՝ դրսում, մեկ-մեկ էին ներս թողնում:
Խաղահրապարակում փոքրիկները ֆուտբոլ էին խաղում, թիմը փոքր էր՝ 3 հոգի:
Կարդացեք նաև
Տնտեսական խանութում հաճախորդներ կային, բայց էլի, առաջվանը չէր, քիչ էին առեւտուր անողները:
Կարի փոքրիկ արհեստանոցը բաց էր. տնտեսվարողն ասում էր՝ օրը մեկ-երկու այցելու են ունենում, չի կարող գործը կանգնեցնել, վարկ ունի, կրպակի վարձակալության փողն էլ՝ ամսական 100 հազար պետք է վճարի, ճար չունի, աշխատում է. «Դիմակ են պատվիրել, իրենք էլ դրանք պետք է անվճար բաժանեն: Որքան հնարավոր է՝ պիտի աշխատեմ, վարկ եմ վերցրել, որպեսզի իմ փոքր արհեստանոցը կառուցեմ, շինարարությունը կանգնեց էս վիրուսի պատճառով: Անորոշ վիճակ է»:
Իսկ փողոցային առեւտուրը կայուն է. դրսում կանաչի, միրգ-բանջարեղեն վաճառողների պակաս չկա:
«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է». իրենց այսպես անվախ արեւին էին տվել շները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
24.03.2020