Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են իրականացվում վիրտուալ այցելությունները թանգարանում

Մարտ 24,2020 16:55

Պայմանավորված արտակարգ դրությամբ` ՀՀ-ում մի շարք մշակութային կենտրոններ, այդ թվում նաև թանգարաններ անցել են առցանց աշխատանքի: Aravot.am փորձել է հասկանալ, թե այս օրերին ինչպես են կազմակերպում իրենց հեռավար աշխատանքը թանգարանները:

Խաչատուր Աբովյանի անվան թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը ասաց, որ այս օրերին առավել ակտիվ է թանգարանի առցանց աշխատանքը, իսկ իրենց հետևորդների թիվն այս ընթացքում կրկնապատկվել է։ Փորձեցինք ճշտել, թե որքանո՞վ է առցանց հարթակում աշխատելը դժվարություններ առաջացնում թե՛ իրենց և թե՛ այցելուների համար։ Թանգարանի տնօրենը նշեց. «Այցելուներից առայժմ միայն դրական արձագանքներ ենք ստացել, թե՛ անձնական նամակներով, թե՛ մեկնաբանության դաշտում: Անձնակազմի համար, թերևս դժվարությունները կապված են աշխատանքի բաշխման, անսովոր գրաֆիկի հետ, բայց բարեբախտաբար, ամեն ինչ մի քանի օրվա ընթացքում հունի մեջ ընկավ»։ Նա նաև հավելեց, որ այժմ թանգարանի բոլոր աշխատակիցները հստակ պարտավորություններ ունեն առցանց հարթակում աշխատանքներ իրականացնելու գործում, ողջ օրվա ընթացքում ապահովված է բոլորի հասանելիությունը: Նյութերն ուղարկվում են համակարգողին, վերջինս, իր հետ քննարկման և ընտրության արդյունքում տեղադրում է թանգարանի էջում:

Զրուցեցինք նաև Ժողովրդական արվեստի թանգարանի աշխատակից, մշակութաբան Նազելի Ութուջյանի հետ։ Նա նշեց, որ այս օրերին Ժողովրդական արվեստի թանգարան կարող են «այցելել» վիրտուալ տարբերակով, ինչի հնարավորությունը թանգարանի պաշտոնական կայքում վաղուց է գործում: Թանգարանի միջավայրում հայտնվելու և որոշ նմուշներ մանրամասն ուսումնասիրելու հնարավորություն է ընձեռում նաև թանգարանի յութուբյան ալիքում ներբեռնված հոլովակը։

 

Իսկ թանգարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ «Ստեղծագործում եմ տանը», «Կրթվենք օնլայն», «Մեր հավաքածուն», «Հետաքրքիր է իմանալ», «Մեր վարպետները», «Ձայնադարան» խորագրերով (այցելուները կարող են ծանոթանալ ծրագրերին և լրացնել «տպավորությունների գիրքը» սույն հղմամբ

Մշակութաբանը նաև հավելեց. «Արտակարգ դրության պայմաններում տանը մնալու այս օրերին կարևորում ենք ոչ միայն թանգարանի ցուցանմուշների, այլև մեր ստեղծագործող այցելուների աշխատանքների հանրահռչակումը։ Հենց դրան են միտված #Ստեղծագործումեմտանը ֆլեշմոբը և վերջինիս վիրտուալ «ցուցասրահը», որտեղ տարածքն անսահմանափակ է ու անվճար, մուտքն էլ՝ ազատ»:

Իսկ այն հարցին, թե որքանո՞վ է առցանց տարբերակով աշխատելը ունենում ազդեցություն այցելուների թվի վրա, մշակութաբանը պատասխանում է. «Արդի աշխարհում, իհարկե, անհրաժեշտ է օնլայն տարբերակով աշխատել: Բացի թվաքանակ ապահովելուց՝ շատ կարևոր է նաև էսթետիկ և որակյալ բովանդակության ստեղծումը․ հատկապես թանգարանի կամ այլ մշակութային հաստատության էջում պետք է լինեն հնարավորինս որակյալ լուսանկարներ ու հոլովակներ, գրագետ և բովանդակային տեքստեր։ Մինչ արտակարգ դրությունը, թանգարանում շատ են եղել այցելուներ, ովքեր հենց օնլայն հարթակից են տեղեկացել մեր հաստատության կամ սպասվող միջոցառման վերաբերյալ։ Կարծում եմ՝ աշխատանքային բնականոն ռեժիմին վերադառնալուց հետո նրանց թիվն ավելի կմեծանա։ Արդեն իրական կյանքում նրանց հետ կամփոփենք այս օրերին իրականացված օնլայն ծրագրերը»:

Իսկ առցանց աշխատանքի դժվարությունների մասին խոսելիս՝ Նազելի Ութուջյանն ասաց. «Միակ «դժվարությունը», թերևս, ժպիտների ու ջերմ էներգիայի փոխանակության պակասն է․ ոչինչ չի կարող փոխարինել մարդկային առերես շփմանը՝ օնլայնից դուրս։ Դե, մեկ էլ այն, որ հիմա աշխատանքը, իրականում, ավելի շատ է, քան նախկինում»։

Կապ հաստատեցինք նաև Չարենցի թանգարանի հետ, որտեղից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Մեր էջում ամեն օր կինոդիտումներ ենք կազմակերպել «Կինոթատրոն առանց տոմսերի» խորագրով: Օրինակ պոեզիայի միջազգային օրը դիտել ենք Փելեշյանի «Մարդկանց երկիրը» ֆիլմը, իսկ Փելեշյանը պոետ է կինոյում: Օնլայն տարբերակով աշխատելիս մեծ աճ ու ակտիվություն է նկատվում: Մեր օրերում մարդիկ ավելի շատ համակարգչի ու պլանշետի առաջ են, քան ռեալ կյանքում, իսկ այս օրերին առավել ևս՝ նրանք տնից թանգարանի հետ են հաղորդակցվում… Մենք բազմատարր ծրագիր ունենք, որոնց մեջ անգամ մրցույթ և չելենջ կա և վերջերս բավականաչափ տարածում են գտել դրանք: Ուրախ ենք տեսնել մեր արվեստասեր ու Չարենցասեր հասարակության ակտիվությունը»:

Արտակարգ դրության պայմաններում իր հեռավար աշխատանքն է շարունակում նաև Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանը։ Թանգարանից առցանց աշխատանքի մասին խոսելով՝ ասացին. «Արտակարգ դրությունը մնում է արտակարգ դրություն և մենք աշխատում ենք օնլայն: Մեր այցելուներին տալիս ենք վիրտուալ այցելության հնարավորություն, թե կայքի, թե Ֆեյսբուքի էջերում»։

Նաև հայտնեցին, որ առցանց աշխատելն ունի իր առանձնահատկությունները: Այցելությունների պակաս չեն զգում իրենց էջերում, հակառակը ավելի են դիտում տանը նստած, քան աշխատանքային օրերին։ «Օնլայն աշխատելն ունի իր դրական և բացասական կողմերը: Պետք է համակարգչի կողքից չհեռանաս, հեռախոսդ ձեռքիցդ վայր չդնես ոչ ցերեկը, ոչ գիշերը, լինես հասանելի 24 ժամ շարունակ, առանց հանգստյան օրերի: Սարյան թանգարանի գիտական անձնակազմը շարունակում է լարված աշխատել, իսկ տնօրենը պետք է համակարգի բոլորի աշխատանքը և ապահովի կապը ԿԳՄՍ-ի հետ, ուրիշ թանգարանների հետ և այլն: Ինչ վերաբերում է օնլայն այցելուներին, ապա նրանց դժվարությունը՝ վիթխարի տեղեկատվական դաշտում իրենց հետաքրքրող նյութը գտնելն է», -հավելեցին թանգարանից։

Հեռավար աշխատանք է իրականացնում նաև Երևանի պատմության թանգարանը: «Երևանի պատմության թանգարանը առաջին թանգարաններից էր, երբ հայտարարվեց արտակարգ դրություն, մենք սկսեցինք տեղադրել վիրտուալ շրջագայություն Երևանի պատմության թանգարանում, որը նկարահանվել էր տարիներ առաջ, այս հղմամբ, այս նյութը տեղադրվել է մարտի 16-ին»,- այս մասին հայտնեցին թանգարանի վարչական բաժնից:

Հետաքրքրվեցինք նաև, թե առցանց տարբերակով աշխատելը ունենում է ազդեցություն այցելուների թվի վրա, թանգարանից ասացին. «Բնականաբար մեր էջի հետևորդներին նյութերը հետաքրքիր են, և առցանց կարող ենք տեսնել, որ «վիրտուալ այցելուները» հավանում կամ կիսվում են նյութերով և մարդիկ տեսնում են, որ նման էջ գոյություն ունի, իրենք նույնպես հավանում են: Ի դեպ ,կարող ենք փաստել, որ հատկապես այս օրերին ավելանում է մեր էջի հետևորդների քանակը, որը գնահատում ենք շատ դրական»:

Դժվարությունների մասին խոսելով` նշեցին. «Որոշակի նկատառումներից ելնելով օնլայն աշխատելը հետաքրքիր և հաճելի է, մեր թանգարանը մշտապես օնլայն հարթակներում ակտիվ է եղել, ժամանակին վարել ենք «Երևանի պատմության այս օրը» խորագիրը կրող շարքը, և ներկայացրել թե ամեն օր ինչ է եղել Երևանում, ներկայացվել են Երևանի պատմության կարևոր էջերը, հին լուսանկարներն ու վավերագրերը: Դժվարությունները հարկ է նշել, որ երբեմն անհրաժեշտություն կա առանձին –առանձին, ըստ նախատեսվող անկյունի՝ լուսանկարել տվյալ ցուցանմուշները, առանձնացնել պատմություններ, որը անել օնլայն գրեթե անհնար է, և մեր աշխատակիցներից մի քանիսը մեդիա պլանով առաջնորդվելով պարբերաբար այցելում են աշխատավայր և առանձնացնում կարևոր հրապարակումների և հին Երևանի լուսանկարների թվային տարբերակները, հաջորդիվ հանրահռչակելու ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի համար»:

Նաև հավելեցին, որ մինչև ապրիլի 1-ը իրենց թանգարանը մի հետաքրքրիր շարք է սկսում. ամեն օր կտեղադրվեն Երևանի մասին բանաստեղծություններ «Երեւանը բանաստեղծություններում» գրքից՝ նվիրված սիրելի քաղաքամայր Երևանին:

Կապ հաստատեցինք նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի հետ, որտեղից էլ տեղեկացանք, որ Մատենադարանն ունի վիրտուալ շրջայցի ծրագիր, որն այս օրերին տեղադրվել է ֆեյսբուքի էջում, որի օգնությամբ այցելուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ թանգարանային համալիրին, ցուցադրությանը և գիտահետազոտական մասնաշենքին։ Բացի այդ, որպես առցանց ցուցադրություն՝ ֆեյսբուքում պարբերաբար տեղադրվում են առանձին թեմաների կամ ձեռագրերին նվիրված փոքր տեսանյութեր:

Հարցին, թե վիրտուալ ցուցադրությունը կարող է դժվարություններ առաջացնել, պատասխանեցին. «Առցանց աշխատելը դժվարություններ չի առաջացնում թե՛ Մատենադարանի և թե՛ այցելուների համար։ Մինչև արտակարգ դրությունը Մատենադարանը ակտիվ աշխատել է կայքի, ֆեյսբուքի, ինստագրամի, թվիթերի օգնությամբ՝ այցելուներին առցանց տեղեկացնելու Մատենադարանի գիտամշակութային կյանքին։ Առցանց հարթակը հնարավորություն է ընձեռում ինչպես տեղացիներին, այնպես էլ արտասահմանյան այցելուներին և մեր մշակույթով հետաքրքրվողներին տրամադրել գիտական և հանրամատչելի տեղեկություններ եռալեզվով»:

Մատենադարանից նաև տեղեկացրին. «Արտակարգ դրության օրերին առցանց աշխատանքը ակտիվ շարունակվում է, որպեսզի մեր կայքի, ֆեյսբուքի, ինստագրամի և թվիթերի հետևորդները պարբերաբար տեղեկացած լինեն Մատենադարանի գործունեությանը, ձեռագրերի պատմությանը ֆիլմերի, հրատարակությունների օգնությամբ։ Առցանց աշխատանքը նպաստում է հանրությանն անմիջապես տեղեկացնել սպասվող մշակութային իրադարձություններին՝ առաջացնելով հետաքրքրություն, գալ տեսնել նոր ցուցադրությունները, մասնակցել դասախոսություններին, գիտաժողովներին և այլ միջոցառումներին» :

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արևիկ ՓԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031