Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը շուտով կհրապարակի առեւտրի կենտրոնների աշխատանքի սահմանափակումները. Մանե Գեւորգյան

Մարտ 24,2020 16:30

Ժամերի ընթացքում կառավարությունը կհրապարակի ցանկը, որում հստակ նշված կլինի, թե առեւտրի ո՞ր կետերը կարող են աշխատել հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց միասնական տեղեկատվական շտաբի լրատվական բաժնի համակարգող, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Մանե Գեւորգյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի արդյունքում հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումներ եղան նաեւ առեւտրի կենտրոնների աշխատանքի հետ կապված: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը նախատեսում է սահմանափակումները խստացնել: Քիչ ուշ կհրապարակվի կառավարության որոշումը, որում հստակ ցանկը ներկայացված կլինի:

Խնդիրն այն է, որ արդեն մի քանի օր է՝ ահազանգեր են լինում առեւտրի կենտրոնների հետ կապված: Մասնավորաբար, երեկվանից Aravot.am-ն ահազանգեր է ստանում, որ Էջմիածնի կենտրոնում գտնվող չորս հարկանի հանրախանութի, որն առեւտրի փակ կենտրոն է, սեփականատերը որոշել է բացել կենտրոնը եւ աշխատակիցներին`տարածք վարձակալած քաղաքացիներին, տեղեկացրել`անկախ նրանից, թե աշխատելու են իրենց առևտրի կետերը, թե ոչ, պետք է վճարեն օրվա վարձի գումարը: Նույն իրավիճակն է նաեւ հարեւանությամբ գտնվող բացօթյա առեւտրի կենտրոնում, որը տեղացիները «լեժանկաներ» են անվանում: Այսօրվանից առեւտրի կենտրոնի սեփականատերը բացել է կենտրոնը` նույն տարբերակով: Որոշ մարդիկ ստիպված աշխատում են, քանի որ օրվա վարձավճարը պետք է տան:

Նախորդ օրերին համանման խնդիրներ առաջացան նաեւ «Առինջ մոլի» հետ կապված: Մոլի փոխտնօրեն, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը սա կոչել է «ջերմ ընտանեկան հարաբերություն» եւ խնդրել չմտնել մատի և մատանու արանքը: Աշխատողներին հարկադիր ստորագրությամբ անվճար պարապուրդի ուղարկելու մասին ահազանգեր եղան նաեւ «ՍԱՍ Գրուպ» ընկերության հետ կապված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031