Ազգային ժողովն այսօր քննարկում է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանը ներկայացրեց՝ գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ ֆուտբոլային ակումբները դիմել են իրեն. «Խնդիրն այն է, որ ակումբները չեն հասցնում օրենքով նախատեսված բյուրոկրատական ժամանակահատվածում պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետ եւ տրանսֆերների ժամանակահատվածն օգտագործել, որպեսզի ֆուտբոլիստներին հրավիրեն: Սրա պատճառով եղել է, որ ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվել է Վրաստանում, որից հետո նա տեղափոխվել է ՀՀ»:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ օրինագիծը կարգավորում է ենթադրում ոչ միայն ֆուտբոլիստների, այլեւ բոլոր մարզիկների համար. «Նրանք քաշքշուկից կխուսափեն: Օրինագծով առաջարկում ենք՝ այն օտարերկրացի մարզիկները, որոնք ունեն պրոֆեսիոնալ կարգավիճակ եւ մարզական գործունեության մասին պայմանագիր են կնքում գործատուի հետ, նրանց համար հեշտացվում է աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը»:
«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց՝ «պրոֆեսիոնալ կարգավիճակ» հասկացությունն ի՞նչ է նշանակում:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ հասկացության սահմանումը զերծ է պահում այն մտավախությունից, որ անձը ներկայացվում է որպես շատ լավ մարզիկ. «Այս օրինագծով կխուսափենք այդ խնդրից»: Մանուկյանը նկատեց. «Եթե ակումբը պայմանագիր է կնքում, պետք է վճարի, հետեւաբար՝ այդ ռիսկը բացառվում է»: Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Եթե որեւէ սպորտաձեւի պարագայում խնդիր կունենանք, օրենքին կանդրադառնանք: Հիմա սա առավելապես ֆուտբոլային ակումբների համար ենք անում, որովհետեւ իրենք են ամենաշատն այդ հարցին առնչվում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ