Խորհրդարանն այսօր քննարկում էր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Հարություն Բաբայանի եւ Մխիթար Հայրապետյանի հեղինակած՝ «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, որ ըստ օրինագծի՝ միջին մասնագիտական եւ նախնական կրթական հաստատություններում ուսանողները կարող են սովորել նաեւ վճարովի հիմունքներով:
Կառավարության դիրքորոշումն այս օրինագծի վերաբերյալ բացասական է: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Այս ընթացքում «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծում սահմանել ենք, որ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության հաստատություններում անվճար եւ վճարովի կրթությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով: Իսկ մյուս փոփոխությամբ՝ վճարովի տեղերի բաշխումը վերապահվում է լիազոր մարմնին: Ուստի վերաբերմունքս չի փոխվել, կոչ եմ անում դեմ քվեարկել»:
Կարդացեք նաև
Մխիթար Հայրապետյանն արձագանքեց. «Գովելի է նախարարի սկզբունքայնությունը, բայց, օրենքն ամեն դեպքում կընդունվի, պարոն նախարար»:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ