Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի պատճառով առաջացած իրավիճակում ի՛նչ կարող է անել գործատուն, ի՛նչ իրավունք ունի աշխատողը

Մարտ 24,2020 15:55

Այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը կառավարության մամուլի սրահում ներկայացրեց՝ կորոնովիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակում ինչ կարգավորումներ կան ՀՀ աշխատանքային օրենսգրքով եւ, տվյալ իրավիճակում, աշխատողները եւ գործատուներն ինչպես պետք է առաջնորդվեն:

Ըստ Ժորա Սարգսյանի, պարապուրդին վերաբերող կարգավորումները Աշխատանքային օրենսգրքի 107 հոդվածով են նախատեսված: Մասնավորապես՝ գործատուն իրավունք ունի պարապուրդի ժամանակ աշխատողին տեղափոխելու այլ աշխատանքի, որը համապատասխան է նրա մասնագիտությանը, սակայն միշտ չէ, որ այդ հնարավորությունը գործատուն ունենում է: «Եվ, եթե այդ հնարավորությունն առկա չէ, նախատեսված է, որ գործատուն փոխհատուցում է վճարում այդ պարապուրդի համար՝ միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն չափով: Սա այն դեպքերի համար է, որ ոչ աշխատողի մեղքով առկա է աշխատավայրում պարապուրդ: Սակայն միեւնույն ժամանակ Աշխատանքային օրենսգրքի 186 հոդվածի 6-րդ մասում առկա է կարգավորում, որը վերաբերում է անհաղթահարելի ուժին եւ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհաղթահարելի ուժ առաջանալու դեպքում սահմանված է, որ գործատուն չի վճարում պարապուրդ»,-հստակեցրեց պարոն Սարգսյանը: Հաշվի առնելով, որ այս երկու հոդվածների կարգավորումների միջեւ առկա են մի շարք տարընկալումներ, ըստ Ժորա Սարգսյանի, նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծ, որն այս պահին դեռեւս քննարկումների փուլում է:

Նրա խոսքով, այս օրերին, հաճախ է արծարծվում հեռահար աշխատանք հասկացությունը, որը սակայն Աշխատանքային օրենսգրքով սա չի կարգավորվում:

«Արտակարգ դրության պայմաններում գործատուները կարողանան փոփոխել աշխատանքային ռեժիմը եւ աշխատանքի վայրը, որովհետեւ, աշխատանքային ռեժիմը եւ աշխատանքի վայրը պայմանագրով էական պայմաններ են համարվում, որի փոփոխման դեպքում օրենսգրքի պահանջ է, որ գործատուն նախապես պետք է ծանուցի՝ կախված աշխատողի ստաժից: Բայց հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում գործատուները չունեն ժամանակը, որ նախապես ծանուցեն իսկ, եթե չծանուցեն օրենսգրքով տույժեր է նախատեսված, մենք առաջարկում ենք, որ արտակարգ դրության ժամանակահատվածում, եթե գործատուն ստիպված է փոխել աշխատանքի վայրը, որ ոչ թե գործատուի մոտից, այլ՝ տանից կատարեն, հեռավար եղանակով, այդ ընթացքում չհամարվի աշխատանքի վայրի փոփոխություն: Եթե ստիպված է գործատուն, օրինակ, լրիվ աշխատաժամանակի ռեժիմից անցնել ոչ լրիվ, օրինակ՝ ներգրավել մեկ հերթափոխի ընթացքում երկու աշխատող՝ երեքի փոխարեն, նաեւ ճկուն լինի աշխատաժամերն այս ընթացքում փոփոխելու, որպեսզի կարողանա իր աշխատանքները բնականոն շարունակել»,-ասաց Ժորա Սարգսյանը: Նախագծի մեկ այլ կարգավորմամբ, գործատուն չի կարող աշխատողին ազատել աշխատանքից, երբ նա, ինչ-որ իրավիճակներից ելնելով, չներկայանա աշխատանքի, կամ ուշացումով ներկայանա, օրինակ՝ ճանապարհների փակ լինելու պատճառով կամ այլ հանգամանքներ՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված:

Նախագծում կարգավորումներ են նախատեսված նաեւ այն աշխատող ծնողների համար, որոնք ուսումնական հաստատությունների, մասնավորապես՝ մանկապարտեզների փակ լինելու պատճառով ստիպված են երեխաներին խնամելու համար մնալ տանը: Ժորա Սարգսյանի մեկնաբանմամբ, առաջարկում են, որպեսզի այս ընթացքում բացակայությունները, ուշացումները գործատուն համարի հարգելի եւ կարգապահական տույժ չկիրառի ու աշխատանքից չազատի. «Օրինակ՝ մեկ օր անհարգելի բացակայում է: Այն ծնողները, որոնք երեխային խնամելու պատճառով ուշանում են, առնվազն երկու ժամը համարվի հարգելի եւ վարձատրվեն ամբողջությամբ: Խոսքը մինչեւ 14 տարեկան երեխաների խնամքի մասին է»:

Ժորա Սարգսյանը նաեւ ասաց, որ այս պահին քննարկումներ են ընթանում՝ տարանջատելու ո՛ր դեպքերում է վճարելու գործատուն, ո՛ր դեպքերում անհաղթահարելի ուժով չի վճարելու. «Եթե աշխատողը չի ներկայացել կամ ներկայացել է ուշացումով, ապա վարձատրվում է առնվազն փաստացի աշխատած աշխատաժամանակին համապատասխան: Արտաժամյա աշխատելու դեպքերում էլ կարգավորումներ է նախատեսում, եթե արտաժամյա աշխատանքը մինչ այդ 4 ժամ էր նախատեսված, հիմա 8 ժամ են նախագծով սահմանել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031