ԱԺ-ն այսօր քննարկում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրինագիծը, ինչպես ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտերյանն է հայտարարել, ենթադրում է, որ Լոռու եւ Տավուշի մարզերում մի քանի համայնքներ կմիավորվեն համապատասխանաբար մեկական համայնքներում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ ոչ բոլոր միավորված համայնքներն են կարողանում խնդիրները հաղթահարել:
«Նոյեմբերյանի խոշորացված համայնքում են ներառված Բարեկամավան եւ Դովեղ սահմանապահ համայնքները, իսկ շուտով՝ սահմանապահ Բերքաբերը: Հինգ տարի է, որ այս գյուղերի զարգացումը թերի է: Բերքաբերը մի շարք առումներով ավելի բարենպաստ վիճակում է»,-նշեց պատգամավորը, ապա հավելեց,-«իսկ Այրում խոշորացված համայնքում հինգ տարի՝ կենսական նշանակության խնդիրները չեն լուծվում: Օրինակ՝ այդ միավորված համայնքի երկու գյուղերում խմելու ջրի ներքին ցանց չկա: Իսկ Տավուշի մարզի Դեբեդավանը դարձել է աշխարհից առանձնացած կղզի՝ քարուքանդ ճանապարհների պատճառով: Գյուղում անգամ մի հրշեջ մեքենա չկա: Խնդիր են նաեւ մշակութային կյանքի եւ ոռոգման ջրի բացակայությունը»:
Կարդացեք նաև
Ալեքսանյանը հարցադրում արեց. «Եթե համայնքների միավորումն այդքան արդյունավետ է, ինչո՞ւ են մարդիկ դեմ արտահայտվում: Տավուշի Կիրանց եւ Ոսկեպար գյուղերը հարեւան են, բայց կյանքի որակի փոփոխություն չկա: Եթե ամեն ինչ լավ է, Բերդավանն ինչո՞ւ է ուզում դուրս գալ խոշորացված համայնքից»:
Փոխնախարար Վաչե Տերտերյանն արձագանքեց՝ համայնքների միավորման մասին խոսելիս որեւէ մեկը խոստումներ չի տվել. «Ասել ենք, որ հնարավորությունները կավելանան՝ առավել արդյունավետ ինքնակառավարման շնորհիվ: Այլապես սպասումներ են կապվում թիմերի հետ, որոնք չեն արդարացվում: Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ունենք ավելի լավ կառավարում, արդյունավետ ավագանի, բյուջետային կարգապահություն, աշխատակազմերի փոփոխություն: Մնացած առավելությունները պետք է ունենանք աստիճանաբար, համբերատար, միասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ