«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմա կառավարությունը մշակում է գործիքներ, որոնք աջակցություն կլինեն բիզնեսին, հարկատուներին ու աշխատողներին. «Հասկանալի է, որ այս իրավիճակում բոլորն են այս կամ այն չափով տուժում, հետեւաբար պատասխանատվությունը յուրաքանչյուրս մեր չափով պիտի փորձենք թեթեւացնել պետության բեռը: Բայց դա չի նշանակում, որ պետությունն իր դերը չի կատարում ու չի կատարելու: Հաղթահարման մեխանիզմներ կլինեն՝ բացասական հետեւանքները մեղմելու առումով»:
Հարցին՝ արդարացված չի՞ լինի, որ այն քաղաքացիներին, որոնք հարկադիր պարապուրդի են մատնված, նրանց բոլորի աշխատավարձերը տան՝ Մակունցը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ արդարացված են այն բոլոր գործողությունները, որոնք ձեռնարկում է կառավարությունը: Քաղաքացիներին այդ գումարները տալը նշանակում է պարզապես սոցիալական բեռ թեթեւացնել, որն ուղղակի այդ պահին ծախսվելու է ու ոչինչ չի տալու»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորները կանոնները չեն պահպանում՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար, վարակի տարածմանը չնպաստելու համար, օրինակ, դիմակներ չեն կրում՝ Մակունցը պատասխանեց, որ առողջապահության նախարարությունը կանոնները հրապարակել է, դիմակներ առաջարկում են կրել այն մարդանց, ովքեր որոշակի թուլություն են զգում, հարբուխ են. «Ես քանի որ այս պահին ինձ լիովին առողջ եմ զգում, դրա համար չեմ կրում դիմակ: Ես հետեւում եմ առողջապահության նախարարության առաջարկած կանոններին»:
Կարդացեք նաև
Հարցին՝ չե՞ք կարծում, որ պատգամավորները պետք է օրինակ ծառայեն, ուղիղ եթերով նիստերը հեռարձակվում են, պետք է դիմակ, ձեռնոց կրեք, եթե նույնիսկ ջերմաչափում է իրականացվում, նախարարությունից ասում են, որ ախտանշաններն ավելի ուշ են ի հայտ գալիս, դուք նույն բարձրախոսից եք օգտվում՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Դիմակներով ձայնը մի փոքր լավ չի լսվում, բայց կընդունեմ ի գիտություն ձեր առաջարկը»: Ինչ վերաբերվում է ձեռնոցներին, Մակունցն ասաց, որ գրեթե բոլորն իրենց աշխատասենյակներում ձեռնոցով են ու ամեն քայլափոխի էլ ախտահանող նյութեր կան:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին, որ ԱԺ խորհրդի կազմը մնա, մյուս պատգամավորներին տուն ուղարկեն՝ Մակունցը պատասխանեց. «Սահմանադրությամբ սահմանված լիազորություններ ունի ԱԺ-ն: Չեմ կարծում, որ նպատակահարմար է պարապուրդի մատնել ԱԺ-ն, որովհետեւ կյանքը ՀՀ-ում չի կարող կանգնել ու գործառույթներ պետք է իրականացնենք, շարունակենք աշխատել: Մենք չենք կարող մեր աշխատանքները դադարեցնել: ԱԺ նախագահը երեկ խորհրդի նիստում ասաց, որ այն անձինք, ովքեր խոցելի հատվածում են՝ 55-ից բարձր տարիք ունեն, վատառողջ են, հղի են կամ ունեն խրոնիկ հիվանդություններ, իրենց բացակայությունը հարգելի է համարվելու»:
Հարցին՝ «Իմ քայլից» կա՞ն պատգամավորներ, ովքեր դիմել են, որ նիստերին չգան՝ Մակունցը պատասխանեց, որ ոչ. «Կան պատգամավորներ, ովքեր մի փոքր վատառողջ են եղել, տեղեկացրել են այդ մասին ու բնականաբար ներկա չեն գտնվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Տիկին Մակունցը շատ մեծ կարծիք ունի իրենց կառույցի մասին: Իմ կարծիքով, եթե նույնիսկ բոլորը տուն գնան, ապա որևէ քաղաքացի չի էլ զգալու դա, քանի որ դա չի անդրադառնալու որևէ քաղաքացու կյանքի վրա: Իրենք էլ կարող են արձակուրդի հաշվին հանգիստ նստեն տներում: