Երևան քաղաքի «Դալմայի Այգիներ» կոչվող տեղանքում շինարարություն իրականացնող կազմակերպության կողմից հուշարձաններ վնասելու դեպքի առթիվ 16.12.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել էր, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ քանդվել է Դալմայի այգում գտնվող գինու հնձանը: Հաշվի առնելով, որ վերջինս ընդգրկված չի եղել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ վարույթն իրականացնող մարմինը 29.02.2020թ. որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Ներդրումային ծրագրերին հավանություն տալու և ՍՊԸ-ին առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին» ՀՀ կառավարության 11.01.2018թ. որոշման հիման վրա Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումներով Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 31 հասցեում գտնվող 27,66 հեկտար մակերեսով պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակությունը փոխվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության: Եվ մանկական, երիտասարդական, ընտանեկան, հանգստի և ժամանցի կենտրոնի կառուցման նպատակով վարձակալության և կառուցապատման իրավունքով հողամասը 99 տարի ժամկետով տրամադրվել է ՍՊԸ-ին, ապա տրված դրական եզրակացությունների հիման վրա Երևանի քաղաքապետի կողմից տրվել են շինթույլտվություններ:
Մինչև 06.02.2020թ. իրավասու մարմինների կողմից տրված գրություններով, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացության տվյալներով նշված տարածքում հուշարձաններ և պահպանման գոտիներ առկա չեն եղել:
Մինչդեռ այդ ընթացքում նշված տարածքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտներ, որոնց պետական հաշվառման փաստաթղթերը կազմվել և ներկայացվել են նախարարություն:
Կարդացեք նաև
Նորահայտ հուշարձանախմբին, որը ներառում է թվով 7 պատմամշակութային միավոր` տեղական նշանակության հուշարձաններ` դամբանաթումբ, մառան և 19-րդ դարի թվով 5 հնձան, նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից տրվել է հանրապետական նշանակության կարգավիճակ:
Այսինքն՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Մ.Մելքոնյան փողոցին հարակից հատվածում` Դալմայի այգում, իրականում առկա են եղել պատմամշակութային արժեք ներկայացնող, հուշարձանի կարգավիճակին արժանի և հետագայում նաև այդպիսի կարգավիճակ ստացած օբյեկտներ, այդ թվում` գինու հնձաններ: Վերջիններս վերը նշված տարածքում հողի նպատակային նշանակությունը փոխելու, վարձակալության հանձնելու, շինթույլտվություններ տալու գործընթացում չեն հայտնաբերվել, ամենայն հավանականությամբ ոչ պատշաճ դիտարկման արդյունքում, կամ՝ թեև հայտնաբերվել են, սակայն քանի որ ընդգրկված չեն եղել պատմամշակութային հուշարձանների ցուցակում, արձանագրվել է, որ տարածքում հուշարձաններ չկան: Հայտնաբերված այդ օբյեկտների պատմամշակութային հնարավոր արժեքն անտեսվել է, դրանք ուսումնասիրելու, համապատասխան կարգավիճակ տալու, շինթույլտվություններ չտալու կամ այլ կերպ տալու հարց չի բարձրացվել:
Արդյունքում լիազորված մարմնի կողմից պատմամշակութային արժեք ունեցող անշարժ հուշարձանները ժամանակին չբացահայտելու պատճառով, կատարված շինարարական աշխատանքների ընթացքում ոչնչացվել է գինու հնձանը, որն ակնհայտորեն կարող էր հանդիսանալ նույն տեղանքում հայտնաբերված նմանատիպ և հետագայում պատմամշակութային հուշարձան ճանաչված տեղական նշանակության հուշարձաններից մեկը:
Ելնելով վերոգրյալից Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ուսումնասիրությունների միջոցով պարզելու իրենց պարտականությունները կատարելիս համապատասխան պաշտոնատար անձանց կողմից խախտումներ թույլ տալու հանգամանքը և քննարկելու վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցը:
Միջնորդագրով նաև բարձրացվել է պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների հայտնաբերման, հաշվառման և պահպանման ոլորտի կարգավորումները վերանայելու անհրաժեշտությունն այն հաշվով, որպեսզի ապահովվի իրականում հուշարձանի արժեք ունեցող օբյեկտների հայտնաբերումն ու դրան համապատասխան կարգավիճակ տալը՝ հետագայում այդպիսի օբյեկտների հնարավոր վնասումը բացառելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին