Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կամերային երաժշտական թատրոնի «Անուշը» ռեկորդներ է սահմանում

Մարտ 24,2020 14:49

Պետական կամերային երաժշտական թատրոնն առցանց հարթակում ռեկորդներ է սահմանում: Հայաստանում արտակարգ դրության օրերին առցանց հարթակով`թատրոնի ֆեյսբուքյան էջում ցուցադրված, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի բեմադրած «Անուշ» ներկայացումը 1,5 օրվա ընթացքում 46 հազար դիտում է ունեցել: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, նշենք, որ թատրոնում նստատեղերը 185-ն են:

«Իհարկե, անհամեմատելի է թատրոնի զգացողությունը, դերասան-հանդիսատես անմիջական շփումը, ներկայացումը նայելու ընթացքում ստացած էմոցիաները: Օն-լայն հարթակում միեւնույն է, չենք կարող լիարժեք փոխանցել բոլոր զգացողությունները, բայց ես ուրախ եմ, որ ինչ-որ բան արդյունքում ստացվել է եւ հաջողել ենք մեր նոր էքսպերիմենտով: Ես ուրախ եմ, որ մեր բոլոր գործընկերներն այս տիրույթում արդեն շատ ակտիվ են: Ինքնամեկուսացման, տներում փակված մեր հանրության ներկայացուցիչների համար սա շատ լավ առիթ է թատրոններից, մշակութային օջախներից չկտրվելու եւ գոնե այս տարբերակով կարող ենք պահպանել կապը մեր սիրելի հանդիսատեսի հետ: »,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը:

Ներկայացման լուսանկարները՝ Պետական կամերային երաժշտական թատրոնի ֆեյսբուքյան էջից

Պետական կամերային երաժշտական թատրոնն առաջիններից էր, որն ընդառաջ գնաց ԿԳՍՄ նախարարության հորդորին եւ ակտիվ սկսեց աշխատել օն-լայն հարթակում:

Թատրոնի եւ հանդիսատեսի կապը ընդհատվեց մարտի 13-ից սկսած: Այդ օրը, մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը, ներկայացում էր նախատեսված, տոմսերն էլ վաճառված էին: Սակայն, անվտանգության խնդիրներից ելնելով, թատրոնի տնօրինությունը որոշում է չեղարկել ներկայացումը եւ այդ օրվա վաճառված բոլոր տոմսերը վերադարձվում են հանդիսատեսին: «Որովհետեւ անհանգստացանք, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեր հանրապետությունում արդեն իսկ շատացել էր: Եվ անգամ չհաշված, որ հանդիսատեսը մեծ սիրով ուզում էր գալ եւ ներկայացումը նայել, մենք ինքներս կանխեցինք դա եւ թույլ չտվեցինք, որպեսզի մասսայական միջոցառում լինի: Այդ օրվանից ցավալիորեն, թատրոնն արդեն փակ է: Եվ արդեն արտակարգ դրության հայտարարումից հետո, նախարարության կողմից հստակ հրահանգը եկավ եւ բոլոր պետական թատրոնները, մշակութային օջախերը, համերգասրահները փակված են մինչեւ ապրիլի 14-ը»,- պատմում է Հռիփսիմե Առաքելյանը`հավելելով, որ կապը հանդիսատեսի հետ պահպանելու համար, մտածել են, որ հրաշալի տարբերակ է օն-լայն հարթակը. «Թատրոնի ֆեյսբուքյան էջում ունենք 12 հազար հետեւորդ եւ փորձեցինք մեր տեսագրած ներկայացումները հեռարձակել այդ տիրույթում: Ի դեպ, ասեմ, որ մեր այս նախաձեռնությունը նախարարության կողմից շատ դրական ընդունվեց, ողջունվեց: Նաեւ խրախուսվեց, որպեսզի այլ թատրոնների կողմից նույնպես նմանօրինակ քայլեր իրականացվեն: Ես ուրախ եմ, որ մեր գործընկերները`թատրոնները, համերգասրահները այս նույնպես օն-լայն տիրույթում սկսեցին հեռարձակել իրենց լավագույն ներկայացումները, համերգները: Բայց պետք է արձանագրել, որ թանգարանները փոքր ինչ ավելի շուտ էին սկսել հանդիսատեսին օն-լայն հարթակում ներկայանալ»:

Հռիփսիմե Առաքելյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Առաջին «Օն-լայն թատրոն»-հեշթեգով հեռարձակումը Պետական կամերային երաժշտական թատրոնի էջում «Տերն ու ծառան» ներկայացումն էր, ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի: Բեմադրիչը`ՀՀ վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն է: Ներկայացման երաժշտության հեղինակները Վահե Հայրապետյանն ու Վիգեն Ստեփանյանն են: «Մի հրաշալի մանկական ներկայացում է սա, որը հաճույքով դիտում են ոչ միայն փոքրիկները, այլ նրանց ծնողները, մեծահասակները: Ինձ համար, խոստովանեմ, ապշեցնող էր այն արձագանքը, որը մենք ստացանք մեր, այսպես ասած, օն-լայն հանդիսատեսից. մեկ օրվա ընթացքում «Տերն ու ծառան» ներկայացումն ունեցավ 23 հազար դիտում»,-պատմում է Հռիփսիմե Առաքելյանը:

Մեր զրուցակիցը ցավով է արձանագրում, որ թատրոնը լինելով արդեն 32 տարեկան, չունի հարուստ արխիվ: Նախկինում բեմադրված շատ լավ ներկայացումներից տեսագրություններ չկան: Թատրոնի արխիվը շատ թարմ է: Երկու տարի առաջ թատրոնի տնօրեն նշանակվելուց հետո, Հռիփսիմե Առաքելյանը որոշեց տեսագրել մի շարք ներկայացումներ եւ պահպանել դրանք արխիվում: «Հիմա այս իրավիճակում, շատ ավելի ոգեւորված եմ, որ նման քայլ ենք արել եւ այսօր, այս արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, փաստորեն, արխիվային տեսագրությունների օգտագործման մեծ անհրաժեշտություն ունեցանք»,- հպարտանում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այս հաջողությունները թատրոնի PR թիմի աշխատանքի արդյունք են. գովազդներ են տեղադրվել, նախապես ծանուցվել է ներկայացումների մասին, ֆեյսբուքյան ամբողջ գործիքակազմը օգտագործվել է: Ամեն ներկայացումից երկու օր առաջ, թիմը աշխատել է ամբողջ ծավալով:

Երեկ երեկոյան էլ ցուցադրվել է թատրոնի 30-ամյա հոբելյանին նվիրված ներկայացումը, որը երկու տարի առաջ էր բեմադրվել: Հեռարձակումից երկու ժամ հետո արդեն ներկայացումը 7 հազար դիտում է ունեցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031