Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեմենտի տեղական արտադրողներից մեկը խնդիրներ ունի, մյուսն իրեն վատ չի զգում». փոխնախարար

Մարտ 24,2020 13:18

Ազգային ժողովն այսօր քննարկում է կառավարության հեղինակած՝ «Պետական տուրքի մասին օրենքում» փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրինագծով առաջարկվում է երկարաձգել ներմուծվող իրանական ցեմենտի տոննայի համար սահմանված պետտուրքի կիրառման ժամկետը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հիշեցրեց, որ 2019թ. հունիսին ՀՀ ներմուծվող ցեմենտի տոննայի համար սահմանվել էր 14 հազար դրամի պետտուրք, որպեսզի տեղական արտադրողը պաշտպանված լինի. «Այս կարգավորումը գործում է մինչեւ այս տարվա ապրիլի մեկը: 2019թ.-ի հուլիսից դեկտեմբեր Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները նվազել են: Եթե մինչեւ հուլիս մեկ ամսում ներմուծվում էր մոտ 19 հազար տոննա, ապա հուլիսից դեկտեմբեր՝ մոտ 16 հազար տոննա: Հայկական արտադրության ծավալը հիմա եւս որոշակի անկում ունի, սակայն խոշոր ցեմենտ արտադրողներից մեկի արտադրական ծավալներն աճել են»:

Փոխնախարարը նշեց. «Առաջարկում ենք այս պաշտպանական միջոցի ժամկետը երկարաձգել մինչեւ դեկտեմբերի 31-ը: Պաշտպանիչ միջոցը՝ պետտուրքը, կիրառվել է այն պատճառով, որ վերջին տարիներին իրանական արժույթն անկել է, իրանական շուկայում գերբավարարվածություն կա, եւ ցեմենտի գինը նվազ է»:

Ըստ փոխնախարարի՝ ներմուծվող ցեմենտի ծավալների նվազումը փաստում է, որ ներմուծումը կայունացել է. «Կլինկերի (ցեմենտի հումք) ներմուծման ծավալի աճ ունենք: Մեր արտադրողներից մեկն այս իրավիճակում շարունակում է մրցունակ լինել, մյուսը խնդիրներ ունի: Մեր գնահատմամբ՝ շուկան հիմա համեմատաբար կայուն է: Եթե տեսնենք, որ նոր գործոններ են ի հայտ գալիս, որոնք շուկայի վրա են ազդում, նոր միջոցներ կձեռնարկենք»:

Հիշեցնենք՝ անցյալ տարի, երբ որոշվեց կլինկերի եւ ցեմենտի ներմուծման դեպքում պետտուրք կիրառել, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դժգոհություն հայտնեց, թե վնասում են իր բիզնեսը: «Արարատ ցեմենտ» գործարանը Ծառուկյանին է պատկանում:

Ավագ Ավանեսյանը նաեւ վստահեցրեց, որ այս տարի լուծումը գտնելու են, որովհետեւ ներմուծվող ցեմենտի պետտուրքի բարձրացմամբ տեղական արտադրողին պաշտպանելու քաղաքականությունն անվերջ չի կարող շարունակվել:

«Իմ քայլի» պատգամավորների մի մասը մտահոգություն հայտնեց, որ այս տարի էլ լուծում չի գտնվի: Փոխնախարարն արձագանքեց. «Կանխատեսելը բարդ է: Պատժամիջոցների պատճառով Իրանի տնտեսությունը սկսել է այնպես աշխատել, որ ցեմենտի գինը չափից դուրս էժանացել է: Մի բան կարող ենք կանխատեսել, որ այս իրավիճակը երկարաժամկետ չի, տասը տարուց քիչ է տեւելու, ուստի պետք է տեղականի արդյունաբերական կարողությունը պահպանենք»:

Ավանեսյանի խոսքով. «Եթե ուզում ենք, որ արտադրանքը սպառման պահանջներին բավարարի, տասը տարում երկու ցեմենտի գործարան պետք է կառուցենք: Մինչ այդ պետտուրքի միջոցը պետք է կիրառենք, հասկանանք, թե շուկայում ինչ է կատարվում: Հիմա ցեմենտի գործարաններից մեկն իրեն վատ չի զգում, արտադրական ծավալներն աճել են, իսկ մյուսը խնդիր ունի: Քանի որ մեկ արտադրողը դարձել է մրցունակ, պետտուրքի երկարաձգումը նպատակահարմար ենք գտնում: Մեր շուկայում պետտուրքի կիրառումից հետո ցեմենտի գինը չի աճել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031