Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ե՛ս եմ ասել առաջինը, հետո նոր Գագիկ Ծառուկյանը, ուղղակի տարբերությունն այն է, որ ես չունեմ հազարավոր աշխատողներ, ինքը ունի». Մարուքյան

Մարտ 24,2020 12:52

Իշխանությունների ձեռնարկած տնտեսական քայլերը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի ընդունում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ մի շարք տնտեսվարողների գործունեությունը պետականորեն արգելված է ու պետությունը պետք է թիրախավորված աջակցություն ցույց տա. «Օրինակ, Չարենցավանից եկած մի կին, որը ինչ-որ սրճարանում մատուցողուհի է աշխատել, հիմա տան վարձը վճարելու խնդիր ունի, կոմունալները, վարկերը վճարելու խնդիր ունի: Եվ սա  մի մարդու մասին չի խոսքը, հենց հիմա հազարավոր մարդկանց մասին է խոսքը գնում: Մենք կոչ ենք արել ուղղակիորեն աջակցել քաղաքացիներին այն ոլորտներում, որոնք այսօր ամենախոցվածն են: Ամբողջ աշխարհում այս մեթոդն է կիրառվում՝ սկսած ԱՄՆ-ից: Պետությունն ունի ռեզերվներ ու պիտի աջակցի, ոչ թե ասի՝ գնացեք 0 տոկոսով վարկ վերցրեք, որն անարդյունավետ միջոց է: Հիմա վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին կտան 0 տոկոսով վարկերը, գործարարները կվերցնեն, բարձր տոկոսով վարկերը կփակեն ու կունենան 0 տոկոսով վարկ: Դա չի հասնի քաղաքացուն, որը տուժած է: Երբ մարդիկ բանկերից բողոքում են, պետք չի նորից մարդկանց ուղարկել բանկեր: ԱՄՆ-ում ծրարով աջակցություն են ուղղում, ոչ թե ասում են՝ գնացեք բանկեր»:

Թե որքան գումարի մասին է խոսքը՝ Մարուքյանը պատասխանեց. «Այնքան գումարի, որը հիմա պետությունը նախատեսում է տալ բանկերին, որոնք հետո պետք է տան վարկեր: Այն ընկերությունները, որոնք փակվել են կամ փակման վտանգի տակ են, նրանք անիմաստ են համարում այդ վարկերը վերցնելը, որովհետեւ չեն կարողանալու փակել: Պատկերացնո՞ւմ եք, դուք կես մլն դոլար վարկ ունեք, ձեզ ասում են՝ եկեք 200 հազար դոլար էլ վերցրեք, աշխատավարձ տվեք, կոմունալ վճարեք, բան, հետո բերեք կվերադարձնեք: Դուք հիմա եկամուտներ չեք ունենում, հետո ո՞նց կբերեք կվերադարձնեք»:

Լրագրողների դիտարկմանը, որ, փաստորեն, նույն բանն եք ասում, ինչ Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ նա էլ գտնում է, որ չպետք է վճարի աշխատողներին, դա պետությունը պետք է անի՝ Մարուքյանը պատասխանեց. «Դա ես եմ ասել առաջինը, հետո նոր Գագիկ Ծառուկյանը: Ուղղակի տարբերությունն այն է, որ ես չունեմ հազարավոր աշխատողներ, ինքը ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031