«Իմ կարծիքով, չեմ ուզում վիրավորել, բայց ոնց որ պոպուլիզմ լինի»,-ԱԺ նիստում այսօր Էդմոն Մարուքյանի՝ նիստ չանելու առաջարկն այսպես որակեց «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Բացի այդ, Իտալիայում առաջին հիվանդն առողջացել է՝ նա, ով իտալացիներին վարակել էր, այնպես որ՝ ամեն ինչ հարաբերական է»,-հավելեց նա:
Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկեց նիստ չանել, քանի որ ժողովրդին կոչ են անում տանը նստել, իսկ իրենք հավաքվում են առանց դիմակի, չեն պահպանում անհրաժեշտ ցուցումները: Արարատ Միրզոյանն էլ պնդել էր, որ կյանքը շարունակվում է, եւ խորհրդարանը պետք է իրականացնի իր օրենսդիր գործունեությունը:
«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ հայտարարեց՝ Մարուքյանի առաջարկը կապված է ԱԺ աշխատողների եւ պատգամավորների առողջության հետ. «Նման հարցերի դեպքում ԱԺ նախագահությունն, իհարկե, կմտածի, բայց դա չի նշանակում, թե չպետք է գանք ու աշխատենք: Օրենսդիրն ու գործադիրը պետք է օրենքներով մեղմացնեն իրավիճակը»:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հաստատված է արտակարգ դրություն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ