«Երեկ ԱԺ խորհրդի նիստ է եղել, եւ այս հարցը չէր կարող չքննարկվել: Չեմ զարմանում, որ պարոն Մարուքյանն իր խոսքում չնշեց, որ Արարատ Միրզոյանը երեկ նախ ասել է՝ մեր աշխատակազմը հերթափոխով է գալիս գործի: Բացի այդ, խոցելի, թիրախային խումբը եւս չի գալիս աշխատանքի»,-ԱԺ նիստում այսօր դիմելով Էդմոն Մարուքյանին՝ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկեց նիստ չանել, քանի որ ժողովրդին կոչ են անում տանը նստել, իսկ իրենք հավաքվում են առանց դիմակի, չեն պահպանում անհրաժեշտ ցուցումները: Արարատ Միրզոյանն էլ պնդել էր, որ կյանքը շարունակվում է, եւ խորհրդարանը պետք է իրականացնի իր օրենսդիր գործունեությունը:
Մխիթար Հայրապետյանը շեշտեց. «ԱԺ-ի աշխատանքը չպետք է խաթարվի: Հանրությունը տանը նստած շարունակում է հետեւել մեզ: Հանրությանը կոչ եմ անում չհետեւել մեր օրինակին՝ սոցիալական տարածության պահպանման եւ փակ տարածությունում հավաքվելու հետ կապված: Արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ նշվել է, որ ԱԺ-ն պետք է աշխատի: Այդ աշխատանքը չի կարող դադարեցվել, եւ նաեւ դրանից է կախված երկրի ընթացքը»:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հաստատված է արտակարգ դրություն:
Կարդացեք նաև
«Մեզ ոչինչ չի խանգարում, որ օրինագծերի ժամանակ պատգամավորների մի մասը իր սենյակից հետեւի: Լուծումները կան: Ուղղակի մտածում եմ՝ գուցե պարոն Մարուքյանը հաշվի է առնում, որ որեւէ պատգամավոր կարող է վարակվել եւ դրանից հետո կարելի է ավելի ցցուն, լավ, հետաքրքիր ելույթներ ունենալ այս ամբիոնից»,-հավելեց Մխիթար Հայրապետյանը:
Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Ես իմ առաջարկը չարեցի նրա համար, որ այն քաղաքական քննարկման առարկա եւ ինքնահաստատման փորձ դառնա: ԱԺ խորհրդի նիստից հետո վարչապետն արտակարգ հայտարարությամբ է հանդես եկել, եւ իմ ասածը բխում է այդ հայտարարությունից հետո երկրում խստացվող ռեժիմի իրավիճակից: Այո, խորհրդի նիստում քննարկվել է, որ ԱԺ-ի մեծահասակ աշխատողները կարող են չգալ: Դրա մասին չի խոսքը, Մխիթար ջան, որ քաղաքականացնում եք, մի հատ մտածեք, էլի»:
Հայրապետյանը պատասխանեց. «Պարոն Մարուքյան, եղբայր, խնդիրը հետեւյալն է: Երեկ մենք քննարկեցինք նստաշրջանի օրակարգը եւ հաջորդականությունը: Եթե քաղաքական պայմանավորվածության մասին էր խոսքը, ապա կարելի էր ոչ թե ամբիոնից ներկայացնել, այլ երեկ խմբակցությունների ղեկավարներին հրավիրել խոսելու այդ մասին, ոչ թե հիմա: Երեկ ոչ մի բառ չեք ասել, ընկեր ջան, երեկ ասենք, ոչ թե գայիք ասեիք, որ ես ինքնահաստատվում եմ ձեր հաշվին: Աստված չանի՝ այն օրն ընկնեմ, որ ձեր հույսին մնամ»:
Միջամտեց Արարատ Միրզոյանը. «Պատգամավորից առաջարկ հնչեց, քննարկեցինք, արտահայտվեցինք: Արտառոց ոչինչ չկա, ամեն ինչ նորմալ է, շարունակում ենք աշխատել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ