Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն ասում է՝ «ա՜, սուտ բան է, այ ախպեր», ու ամեն օր վարակվածների թիվն ավելանում է». Մարուքյան

Մարտ 24,2020 11:42

«Պարոն Պետրոսյան, խնդիրն այն չէ, որ մենք չենք ուզում աշխատել: Խնդիրն այն է, որ մենք պետք է մեզանով օրինակ ծառայենք ժողովրդին: Արտակարգ դրություն է հայտարարված, բայց փողոցներում շատ մարդ կա, կյանքը շարունակվում է, վարակակիրների թիվն ավելանում է ամեն օր: Ասում ենք՝ վա՜յ, ինչո՞ւ է ավելանում: Ավելանում է, որովհետեւ մենք այսպես ենք վերաբերվում այս ամենին»,-ԱԺ ամբիոնից այսօր արձագանքելով ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նկատառմանը՝ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ նիստի մեկնարկին նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկեց քաղաքական պայմանավորվածության գալ, քվորում չապահովել եւ նիստ չանել, քանի որ ժողովրդին կոչ են անում տանը նստել, իսկ իրենք հավաքվում են առանց դիմակի, չեն պահպանում անհրաժեշտ ցուցումները: Արարատ Միրզոյանն էլ պնդեց, որ կյանքը շարունակվում է, եւ խորհրդարանը պետք է իրականացնի իր օրենսդիր գործունեությունը:

Էդմոն Մարուքյանը մի երկրի օրինակ պատմեց. «31-րդ վարակակիրը գնում է ծնունդի, որից հետո երկրի բնակչության վարակակիրների 60%-ին վարակողն է դառնում: Մի մարդը… Մենք ունենք պատգամավորներ, որոնք Ֆրանսիայից եւ այլ երկրներից են եկել, 14 օր չեն ինքնամեկուսացել, 1000 ու մի բան կա: Եթե մենք լուրջ չենք վերաբերվում, պարոն Պետրոսյան, որեւէ մեկը լուրջ չի վերաբերվի: Հենց մենք պետք է լուրջ վերաբերվենք: Եթե մենք լուրջ չենք վերաբերվում, ժողովուրդը ո՞նց լուրջ վերաբերվի, ասում է՝ «ա՜, սուտ բան է, այ ախպեր, ոչ մի բան չկա», ու ամեն օր վարակվածների թիվն ավելանում է»:

Պատգամավորը պնդեց՝ նիստի օրակարգում հիմա «օրհասական» նախագծեր չկան, ուստի միայն ԱԺ խորհուրդը կարող է աշխատել. «Եթե շարունակենք նիստեր անել, խորհրդարանի 400-700 աշխատողներ պետք է գան աշխատանքի, եւ մենք վատ օրինակ ծառայենք երկրին: Եթե համաձայն չեք, մենք կաշխատենք, դա չէ հարցը»:

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն արձագանքեց, որ խորհրդարանը ոչ միայն օրակարգի շրջանակում է գործում, այլեւ հայտարարությունների ժամ կա. «Բնականոն գործունեությունը պետք է իրականացնենք»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հաստատված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031