Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների հետաձգումը կնշանակի ձգձգել նաև անորոշության այդ ժամանակաշրջանը՝ ավելացնելով ռիսկեր. «Փաստ»

Մարտ 24,2020 11:31

Վերջին օրերին Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաձգելու հրապարակային առաջարկություններ հնչեցին՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի տարածման մտահոգությամբ:

Խնդիրն այն է, որ 2017-ի սահմանադրական փոփոխություններից հետո Արցախի ողջ կառավարման համակարգը գտնվում է անցումային փուլում, ինչն անկասկած ազդում է նաև կառավարման որակի վրա: Ընտրությունների հետաձգումը կնշանակի ձգձգել նաև անորոշության այդ ժամանակաշրջանը՝ ավելացնելով հետևյալ ռիսկերը: Դրանցից առաջինը ԵԱՀԿ դիտորդական առաքելության ժամանակավոր դուրսբերումն է ղարաբաղյան հակամարտության շփման գծից, ինչի մասին նախորդ շաբաթ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասպերչիկը: Ըստ նրա, առաքելության ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի վտանգով և համաձայնեցվել է հակամարտության կողմերի հետ: Բայց դրան զուգահեռ, փաստորեն վերացվել է հրադադարի վերահսկման միակ քիչ թե շատ գործող մեխանիզմը:

Դիտորդական առաքելության վերականգնման ժամկետները՝ համաճարակով պայմանավորված, ամենևին հստակ չեն: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է նախաձեռնել հրադադարի խախտումներ, չեն բացառվում նաև ավելի մեծամասշտաբ պրովոկացիաները: Առաջին հերթին այս հրամայականից ելնելով՝ Արցախին անհրաժեշտ է ավարտել ընտրությունները և ձևավորել կայուն իշխանություն:

Մյուս կողմից, ընտրությունների հետաձգման դեպքում նույնքան անորոշ են մնալու դրանց հետագա անցկացման ժամկետները: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե համաճարակը ինչպիսի զարգացում կունենա, և ամենևին չի բացառվում, որ ընտրությունների մեկանգամյա հետաձգումը վերածվի շարունակական գործընթացի՝ հարցականի տակ դնելով դրանց հեռանկարն առհասարակ:

Եվ վերջապես, կա մի կարևոր նրբերանգ. այս պահին համաճարակով պայմանավորված՝ արտերկրյա դիտորդական առաքելությունների ժամանումը քիչ հավանական է: Դա, որքան էլ տարօրինակ թվա, նպաստավոր պայման է հանդիսանում այս փուլում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ տարեսկզբից Իրանի շուրջ աշխարհաքաղաքական խաղերի սրացման հետ կապված՝ ազդեցիկ ուժային կենտրոնները առանձնակի հետաքրքրություն են սկսել դրսևորել նաև Արցախի նկատմամբ՝ հեռանկարում նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության «կարգավորումը» հակաիրանական որոշակի գործընթացների կոնտեքստում:

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031