«Ընդհանուր առմամբ համաձայն եմ Էդմոն Մարուքյանի մտահոգության հետ, բայց պետք է համաձայնեմ ԱԺ նախագահի հետ, որ կյանքը շարունակվում է: Ժողովուրդը սպասում է մեզ: Պատկերացնո՞ւմ եք՝ մենք էլ ասենք անելիք չունենք ու գնանք մեր տները նստենք: Բա ժողովուրդն ո՞ւմ ձայնին է սպասելու»,- ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկեց քաղաքական պայմանավորվածության գալ, քվորում չապահովել եւ նիստ չանել, քանի որ ժողովրդին կոչ են անում տանը նստել, իսկ իրենք հավաքվում են առանց դիմակի, չեն պահպանում անհրաժեշտ ցուցումները: Արարատ Միրզոյանն էլ պնդել էր, որ կյանքը շարունակվում է, եւ խորհրդարանը պետք է իրականացնի իր օրենսդիր գործունեությունը:
Գեւորգ Պետրոսյանը շեշտեց. «Ի վերջո, խորհրդարանական պետությունում կարեւոր մարմին է խորհրդարանը: Ճիշտ է, արտակարգ իրավիճակ է, վտանգներ կան, բայց ժողովուրդը մեր որոշումներին է սպասում: Ուրիշ բան, որ կարելի է ներքին պայմանավորվածություն ձեռք բերել եւ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի չներկայացողների բացակայությունը համարել հարգելի, բայց եթե գնանք մեր տները նստենք, ժողովուրդն էլ ո՞ւմ երեսին նայի, պարոն Մարուքյան, դրա համար պաշտպանում եմ Միրզոյանի տեսակետը: ԱԺ-ն պետք է գործի, եթե չգործեք, դա մեր պետության վախճանն է: Կյանքը շարունակվում է, հատկապես խորհրդարանականները պետք է մասնակցեն օրենսդիր գործունեությանը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հաստատված է արտակարգ դրություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ