Ինչպես է բաշխվելու և ինչ էֆեկտիվությամբ է ծախսվելու 150 միլիարդ դրամի բիզնես աջակցության փաթեթը, որի մասին հայտարարել է Հայաստանի կառավարությունը: Բանն այն է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական հետևանքը Հայաստանում ունենալու է մի շարք շերտեր, և այստեղ առաջանում է մի հարց, կամ ռիսկ, որ իրականում օգնությունը կարող է հասնել ոչ թե առավել կարիքավոր շերտերին՝ լինի գործարար, թե սոցիալական հարթության վրա, այլ առավել ճարպիկներին, քաղաքականապես առավել կարողունակներին:
Ըստ այդմ, կառավարության համար էական, առանցքային խնդիր է դառնում 150 միլիարդ դրամ փաթեթի հասցեականությունը, որպեսզի պետական, հանրային փողը ծառայի հանրությանն ու պետությանը, այլ ոչ ինչպես, օրինակ, 2006 թվականի գազի գործարքի պարագայում՝ դրա մի շոշափելի մասը գնա առանց այդ էլ եկամտաբեր բիզնես ծավալող ցեմենտի երկու գործարանների սուբսիդավորմանը, մի քանի տասնյակ միլիոն դոլար բաժանելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շրջապատի օլիգարխների միջև: Կամ, ինչպես հայտնի սուբսիդիոն դիզվառելիքի գործում՝ պետական էժան վառելիք ստանա այդ ժամանակ մի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Աբրահամյանների ընտանիքը, որը, խոշոր հողատեր լինելով, մեղմ ասած, չուներ սուբսիդիոն դիզվառելիքի կարիք, և ստացած չափաբաժինը կարող էր էապես օգնել իրապես կարիքավորներին:
Ներկայումս, իհարկե, գործ ունենք բոլորովին այլ կառավարության հետ, սակայն կառավարության լեգիտիմությունը և կոռուպցիայի դեմ քաղաքական պայքարի կամքը հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմում՝ այդօրինակ բոլոր դեպքերի համար շահառուների լայն բանակն է, որոնք փորձում են օգտագործել ամենաաներևակայելի հնարքներն ու մեխանիզմներն անգամ: 150 միլիարդը պետք է գնա իսկապես այնտեղ, որտեղ կա դրա կարիքը, որտեղ ամենից շոշափելին է տնտեսական ճգնաժամի հետևանքով կորուստը, որպեսզի այն ծառայի իրապես հանրային ու պետական անհրաժեշտությունների:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: