Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց ասում ենք նստեն տանը, բայց մենք գալիս ենք գործի». Մարուքյանն առաջարկում է նիստ չանել, Միրզոյանն էլ պնդում՝ կյանքը շարունակվում է

Մարտ 24,2020 10:50

ԱԺ այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկեց. «ԱԺ-ի աշխատողներով եւ 130 հոգով այստեղ հավաքվելով՝ վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի հայտարարությունից հետո: Առաջարկում եմ խորհրդարանում մնալ միայն ԱԺ խորհրդի անդամներով: Հիմա քվորում չապահովենք եւ օրակարգ չհաստատենք, առավել եւս, որ հրատապ նախագիծ չունենք: Աշխարհի խորհրդարանները հիմա գործում են այն դեպքերում, երբ արտակարգ դրության եւ տնտեսությունը փրկելու վերաբերյալ օրինագծեր են քննարկվում: Մենք նման իրավիճակներում կարող ենք արագ հավաքվել»:

Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե հանդես կգաք նման օրենսդրական առաջարկով, պարտավոր ենք քննարկել: Այս պահին նման ռեժիմով աշխատել չենք կարող, քանի որ օրենսդրությունն այդպիսին չէ: Իմ մոտեցմամբ, այնուամենայնիվ, կյանքը շարունակվում է: Օրինակ ծառայելու համար ոչ թե տանը պետք է նստենք, այլ մեր աշխատանքը շարունակենք: Դուք տեղյակ եք, որ հանձնաժողովներն առավելապես զտել են օրակարգը: Մենք հիմա քննարկելու ենք առաջնային հարցերը: Վստահ եմ, որ չգիտենք, թե արտակարգ դրությունը երբ կավարտվի: Սա կարող է երկարել, մի քանի ամսվա կամ մի տարվա մասին էլ է խոսվում: Մենք մի տարի չենք կարող այդ ռեժիմով մնալ, պետք է երկրի համար անհրաժեշտ օրենսդրական գործունեությունը ծավալենք»:

Մարուքյանը պատասխանեց. «Օրենսդրական նախաձեռնության կարիք չկա, որովհետեւ օրենքով չենք կարող այս հարցը կարգավորել: Խոսքը քաղաքական պայմանավորվածության հասնելու եւ օրակարգը չհաստատելու մասին է: Մենք մարդկանց ասում ենք նստեն տանը, բայց մենք գալիս ենք գործի, առանց դիմակի աշխատում, սոցիալական հեռավորություն չենք պահպանում, ձեռք ենք տալիս նույն խոսափողին, բռնակներին եւ լավ օրինակ չենք ծառայում: Երբ խստացված ռեժիմն անցնի եւ հայտարարվի, որ սրճարաններն ու գործարանները կարող են աշխատել, մենք էլ կվերսկսենք աշխատանքը»: Արարատ Միրզոյանը պնդեց մոտեցումը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հաստատված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031