Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականությունից անդին․ հիվանդացած հիշողություն

Մարտ 24,2020 22:00

«Դա եղել է», – ասաց Հիշողությունը։
«Դա չէր կարող լինել», – ասաց Հպարտությունը։
Եվ Հիշողությունը հանձնվեց։

Ֆրիդրիխ Նիցշե

Մինչ բոլորը զբաղված են համավարակի հաղթահարմամբ, իսկ քաղաքականությունն իր ավանդական հունի մեջ կանգ է առել, կյանքն այնուամենայնիվ շարունակվում է, եւ ոչ միայն իր ամենալավ դրսեւորումներով։ Ռուսական հեռուստաալիքներից մեկն ավարտեց հայտնի բաքվեցի երգիչ, խորհրդային Ադրբեջանի վերջին տասնամյակների հպարտություն՝ Մուսլիմ Մագոմաեւի մասին պատմող սերիալի ցուցադրությունը։ Կարծես, չկա դրանում որեւէ արտառոց բան, եթե չլիներ մի արտառոց հանգամանք։

Ֆիլմում, բացառությամբ կեսրոպեանոց ոչինչ չասող դրվագի, բառ անգամ ասված չէ մի մարդու մասին, ով վճռորոշ դեր է ունեցել Մագոմաեւի՝ որպես ճանաչված երգչի ճակատագրում։ Խոսքն Առնո Բաբաջանյանի մասին է։

Ո՞վ էր Մուսլիմ Մագոմաեւը 60-70-ականներին եւ ինչպես, նաեւ՝ ինչու է նա այսօր այդպես ներկայացվում․այս ողջ «կերպարանափոխությունը» մեկին-մեկ արտացոլում է այն մուտացիան, որը տեղի ունեցավ մի տարածքում, որը կոչվում էր «սովետական Ադրբեջան»։

Մագոմաեւը եղել է այն արժանապատիվ մարդկանցից մեկը, որով իր պատմության ընթացքում որեւէ լուրջ դիսիդենտ չունեցող Ադրբեջանն այսօր հիրավի կարող էր հպարտանալ։ Նա հակասովետական չէր, նա ավելի շատ ոչ սովետական էր։ Նախ, ի տարբերություն այդ խորհրդային հանրապետությունը գլխավորած ղեկավարների, որոնք ողջ ԽՍՀՄ մասշտաբով «քծնանքի չեմպիոններ» էին, նա երբեք չի փորձել հաճոյանալ ղեկավարությանը, ավելին, փորձել է այդ տարիների «արգելված պտուղը» հանդիսացող արեւմտյան երաժշտական հովերին ճանապարհ բացել դեպի խորհրդային պետություն, այդ թվում՝ իր հանրապետություն, որը, Բաքուն չհաշված, մնում էր խորը, ինքնամփոփ գավառ։ Նրա այդ ազատամտությունը եւ ժողովրդականությունը ողջ ԽՍՀՄ-ում չէր կարող չհանգեցնել կոնֆլիկտի խորհրդային մշակույթի «վերակացու», իրենով «մշակութային կոլխոզը» մարմնավորող Եկատերինա Ֆուրցեւայի հետ (որը ԽՍՀՄ մշակույթի նախարարն էր եւ հայտնի էր 1958-ին հանճարեղ Պաստերնակի նկատմամբ հալածանքի իր արշավով), ընդհուպ մինչեւ խնդիրներ «օրենքի» հետ։

Մագոմաեւը 19 տարեկանից որպես ճանաչված երգիչ՝ իր վերելքը սկսեց հենց Առնո Բաբաջանյանի հետ ստեղծագործական համագործակցությամբ, եւ գոնե խորհրդային սերնդի աչքի առաջ է դա տեղի ունեցել, որքան էլ որ նոր ֆիլմ նկարողները դա փորձեն հետին պլան մղել։ Պահպանվել է Մագոմաեւի հարցազրույցը, որտեղ նա խոստովանել է, որ իր առավել ժողովրդականություն վայելող երգացանկի 90 տոկոսի հեղինակը Առնո Բաբաջանյանն է, ընդ որում, դրա մասին նա ասել է իր կյանքի վերջին տարիներին, Բաբաջանյանի մահվանից տարիներ անց՝ 1999-ին։

Մագոմաեւը, որին Ադրբեջանի կոմկուսի ղեկավար Հեյդար Ալիեւն առանձնահատուկ նրբանկատությամբ էր վերաբերվում, չընդունեց «անկախ Ադրբեջանում» ձեւավորված իրողությունները, չնայած նույն Հեյդար Ալիեւն էր ղեկավարում Բաքվում։ Ընդ որում, գլխավոր պատճառը քաղաքական չէր, կամ «քաղաքական», այլ այն, թե ինչ աստիճանի «հատակի» է հասել ալիեւյան Ադրբեջանի «մշակույթը»։ Նա ապրում էր Մոսկվայում, Բաքու միայն մերթընդմերթ այցելում էր, նույնիսկ անձամբ Ալիեւին, սակայն նա իրեն պատկառելի հեռավորության վրա պահեց այն «քաղաքականությունից», որն իշխում էր եւ հիմա էլ իշխում է Ադրբեջանում, պահպանելով իր բոլոր հարաբերություններն իր հայ ընկերների հետ։ Նա նաեւ հրաժարվեց Ադրբեջանի քաղաքացիությունից, ինչի պատճառով ադրբեջանական պրոպագանդան նրան մեղադրեց «ոչ պատշաճ հայրենասեր լինելու մեջ», եւ դա որոշակի ժամանակաշրջանում վերաճեց ուղղակի հալածանքի․․․ Եվ միայն մահվան բերումով նա վերադարձավ, ավելի ճիշտ՝ վերադարձվեց Բաքու։

Եվ տարիներ անց, քաղաքականությունից եւ «քաղաքականությունից» այդքան հեռու մնացած «ադրբեջանցի» Մագոմաեւի մասին ֆիլմով Ալիեւի ռեժիմի անտաղանդ սպասարկուները փորձեցին այնուամենայնիվ «քաղաքականություն» կորզել։ Եվ ամեն ինչ արվեց հայտնի ոճով, որը մի զազրելի «միքս» է՝ ստի, ցանկալին իրականի տեղ հրամցնելու, գավառական բարդույթները հաղթահարելու անկարողության եւ գռեհկության։

Մեկ դարից ավելի լինելով մի վայր, որտեղ արդյունահանվում էր աշխարհի նավթի մեծ մասը, Բաքուն, լինելով Ռուսական կայսրության հարավային կենտրոններից մեկը, որտեղ աշխատում էին Ռոտշիլդի, Նոբելի, Մանթաշյանի ընկերությունները, կապ չուներ իրենից դուրս գտնվող գավառների հետ, որոնք հետո «Ադրբեջան» կոչվեցին, իսկ այնտեղի բնակիչները 1936 թվականից հետո՝ «ադրբեջանցի», որովհետեւ «ժողովուրդների հայրն» այդպես էր պատկերացնում Խորհրդային կայսրության շահը։ Ինքը՝ Մագոմաեւն է ասում, որ չգիտի, թե ծագմամբ ո՞վ է իր պապը, «գուցե վրացի, գուցե չեչեն», որ գալիս է իմամ Շամիլի ապստամբության ժամանակներից։ Իմ կողմից շատ հարգված գործընկերս (նա Հայաստանից չէ) նշում է, որ, դատելով ազգանունից, ըստ ամենայնի, նա ավարցի է, քանզի դա ավարցիների մոտ բավականին տարածված ազգանուն է, գուցե եղել է լակ, սակայն ծնված լինելով Բաքվում՝ սկսել է համարվել ադրբեջանցի։ Եթե այդպես է, ապա նույնպիսի «ադրբեջանցի» են հետախույզ Զորգեն, ֆիզիկոս Լանդաուն, թավջութակահար Ռոստրոպովիչը, շախմատիստ Գարրի Կասպարովը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ դա այն աստիճանի իդեա-ֆիքսի է վերածվել, որ «նորմալ» է համարվել ստվերել այն ամենը, ինչը ներկայիս ռեժիմի «գաղափարախոսությանը» հաճո չէ։ Հաճո չէ նաեւ այն փաստը, որ Մագոմաեւն ու Բաբաջանյանն ընկերներ են եղել, որ Մագոմաեւն ու Բաբաջանյանը կարո՛ղ են ընկերներ լինել։ Եվ մարդկային հիշողությունը փոխակերպվեց եւս մի առիթի, որպեսզի Մոսկվայում եւս մեկ անգամ փորձեն ինքնահաստատվել հայերի հաշվին, «դեհ, ովքե՞ր են հայերը, որ մեր հպարտությունը ընկերություն աներ նրանց հետ» սկզբունքով։ Եվ ոչինչ, որ այսքանից հետո այստեղ հպարտության նշույլ չկա, ինչպես Բաքվում արդեն ոչ հայ կա, ոչ եվրոպացի, կա միայն անպատկերացնելի մանրախնդրություն եւ անհատակ չարություն։

Իհարկե, այս ամենը քաղաքականությունից անդին է, եւ շարադրվածը նպատակ չի հետապնդում որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու, կամ որեւէ մեկին կյանք սովորեցնելու, թող «դասատուներ» ուրիշ տեղ որոնեն, եթե դրա կարիքն ունեն։ Սակայն այս ամենը պետք է հիշելու համար, հիշելու իրականությունը, մերժելու այն ամենը, ինչով զբաղված են այսօրվա Ադրբեջանի «կինոյի» կամ մամուլի «շտրայխերները»։

Մի օր, մի հեռավոր օր, այլ հակամարտությունների պես կվերջանա նաեւ ա՛յս հակամարտությունը, որը շատ էր տխրեցնում Մուսլիմ Մագոմաեւին, եւ հաստատապես կտխրեցներ Առնո Բաբաջանյանին, եթե նա այս աշխարհը մինչ այդ չլքեր, սակայն կմնան այն «կինոները», որոնք նկարահանվել են, հոդվածները, որոնք գրվել են այս տարիներին։ Ի վերջո, 21-րդ դար է։

Իսկ որպես հետգրություն արժե դիտել ստորեւ դրված երեք տեսանյութերը։

https://www.facebook.com/karobko/videos/2906954152706439/

 

https://www.facebook.com/mikaelshakhnazarov/videos/376769676356172/

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031