Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ անհրաժեշտ է խիստ սահմանափակումներ մտցնել։
Մասնավորապես մարտի 24-ից մեկ շաբաթով կարգելվի ռեստորանների և սրճարանների գործունեությունը։ Բացառություն կկազմեն առաքման ծառայություն ունեցողները. «Պետք է արձանագրել, որ շինարարական աշխատանքները կդադարեն։ Կդադարեն նաև տեքստիլ արտադրական ձեռնարկությունները։ Թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը կդադարի։ Կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով։ Եվ դուք բոլորդ սիրելի քաղաքացիներ հնարավորություն կունենաք գնումներ իրականացնել սովորական ռեժիմով»։
Կթույլատրվի սննդամթերքի, խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների, սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթի արտադրությունը։ Երեքշաբթի առավոտյան պարետատունը կհրապարակի ամբողջական ցանկը. «Բայց դրանից դուրս մյուս գործունեության տեսակները մեկ շաբաթով կարգելվեն, մինչև մենք հասկանանք վիրուսի և համաճարակի հետագա վարքագիծը և միջոցներ ձեռնարկենք դրանց նկատմամբ վերահսկողությունը պահպանելու առումով»։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ երեքշաբթի սպասում ենք նաև լավ լուրերի, քանի որ մեկուսացած քաղաքացիներից 40-ի մեկուսացման 14 օրը լրացել է, և նրանք պետք է թեստավորվեն. «Նախադրյալներ կան մտածելու, որ նրանց մեծ մասը բացասական կթեստավորվի, և դրանից հետո նրանք կվերադառնան իրենց տները, իրենց առօրյա կյանքին»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ