Վարսավիրանոցը, որտեղ ես կտրում եմ մազերս, փոքրիկ կրպակ է, իսկ վարսավիրը՝ անհատ ձեռներեց, կամ, ավելի ժամանակակից լեզվով ասած՝ «միկրոբիզնեսմեն»: Անցած կիրակի նա դժգոհեց իր «բիզնեսի» վիճակից՝ սովորաբար միջին հաշվով ունենում է օրական 6-8 այցելու, իսկ համաճարակի պայմաններում օրը մի հոգի գա կամ չգա: Փակել կրպակը չի կարող, որովհետեւ «հետ քցած» փողեր չունի` այդ դեպքում զրկվելու է անգամ ամիսը 20-30 հազար դրամից: Մյուս կողմից էլ՝ տեսուչներն են գալիս, կոմունալ վճարներ են պահանջում եւ սպառնում հոսանքն ու գազը անջատել:
Խոշոր բիզնեսին, իհարկե, պետք է օգնել, եւ կառավարությունը պիտի պլանավորի միջոցառումներ՝ երկարաժամկետ հեռանկարը հաշվի առնելով: Բայց դա, իմ կարծիքով, ապագայի խնդիր է: Խոշոր գործարարներն ունեն որոշակի գումարներ, որոնք կարող են, որոշակի վնասներ կրելով, ծախսել մոտակա ամիսներին իրենց աշխատողներին աշխատավարձ վճարելու համար: Պարզ է, որ իրենք պետք է նաեւ այսօրվանից մտածեն՝ իրենց բիզնեսը վերակառուցելու մասին:
Բայց այս պահիս, ինձ թվում է, պետությունը պետք է զբաղվի այն մարդկանցով, որոնք ոչ մի տեղից աշխատավարձ չեն ստանում, եւ իրենց աշխատանքով վաստակում են ամիսը, օրինակ, 100-200 հազար դրամ: Շատ հավանական է, որ նրանք նաեւ ապրիլին այդ 200 հազարը չունենան եւ կանգնեն լրջագույն խնդիրների առաջ: Փոքր կրպակի տերը, որպես կանոն, չի մտածում երկարաժամկետ «բիզնես- ռազմավարությունների» մասին, նա հոգում է իր ամենօրյա հացի փողը: Սպառումն ընկնելու պայմաններում նա կարող է այդ փողից զրկվել:
Խնդիրը պահանջում է հրատապ լուծում: Խոշոր գործարարները տուժելու են, բայց չեն սնանկանա եւ, հուսով եմ, իրենց աշխատակիցներին էլ ճակատագրի քմահաճույքին չեն թողնի: Եթե նրանք պետությանն առաջարկեն իսկապես կրեատիվ լուծումներ, որոնք հեղափոխական բեկում են մտցնելու մեր տնտեսության մեջ, ապա կառավարությունը կարող է նրանց խոստանալ աջակցություն: Խոստանալ, բայց առայժմ չտալ՝ ոչ ոք չգիտի այս իրավիճակը որքան է տեւելու եւ ինչ կարիքների համար է մեզ (մեր պետությանը) փող պետք գալու: Մինչդեռ մանր ու միջին բիզնեսին աջակցությունը հետաձգել հնարավոր չէ, եւ, ակնկալում եմ, կառավարությունն այդ առումով ադեկվատ որոշումներ կկայացնի՝ հստակ ուղերձներ հղելով բանկերին:
Կարդացեք նաև
Աշխարհն իսկապես փոխվում է, եւ ոչ միայն կորոնավիրուսի ազդեցության տակ: Տնտեսության հին մոդելներն այլեւս չեն աշխատելու, շուկայական հարաբերություններն՝ առանց սոցիալական պատասխանատվության, աշխարհը եւ պետությունները տանելու են դեպի փակուղի: Այս պայմաններում կառավարություններից հատկապես պահանջվում է ծայրահեղ պատասխանատու, հավասարակշիռ մոտեցում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ