«Շտապօգնության աշխատակիցներն աշխատում են արտակարգ ռեժիմով միշտ՝ անկախ իրավիճակից: Այսօր մեր կանչերի թիվը, եթե համեմատում ենք հունվար եւ փետրվար ամիսների կանչերի հետ, պակասել է: Եթե առաջ օրական սպասարկում էինք 900-950 կանչ, այսօր օրական սպասարկում ենք 700-750 կանչ: Հիմնականում սիրտ-անոթային հիվանդություններն են, սուր շնչառական, երրորդը՝ վնասվածքները»,- այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսում ասաց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նա տեղեկացրեց, որ սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված կանչերի թիվը նույնպես պակասել է:
Շտապօգնության ծառայության աշխատակիցներից որեւէ մեկը մեկուսացված չէ: Հարցին՝ շտապօգնությունում 60-նն անց բժիշկներ կա՞ն, չե՞ք հորդորել նրանց, որ չգան աշխատանքի, ինքնամեկուսանան՝ Թագուհի Ստեփանյանը պատասխանեց. «Ոչ մեկի չենք հորդորել, մարդն ինքն է որոշում՝ աշխատել, թե ոչ: Յուրաքանչյուր աշխատակից պետք է անպայման օգտվի իրեն պաշտպանող բոլոր պարագաներից ու շատ գիտակից վերաբերվի նման հարցին»:
Հարցին՝ կա՞ն դեպքեր, որ մարդիկ ուղղակի խուճապից են զանգում՝ տիկին Ստեփանյանը պատասխանեց, որ լինում են նաեւ նման դեպքեր. «Խնդրում եմ մեր քաղաքացիներին, որ զանգեն շտապօգնություն ու հրավիրեն շտապօգնության բրիգադա միայն անհրաժեշտության դեպքում, այսօր գերծանրաբեռնված են աշխատում ու միայն թոք լսելու համար պետք չէ կանչել շտապօգնություն: Շատերը մտածում են, որ եթե կանչեն շտապօգնություն ու կասկած ունեն՝ կորոնավիրուսի հետ կապված, շտապօգնությունը կարող է տանել, թեստավորել ինֆեկցիոն հիվանդանոցում ու հիվանդին տեղափոխել տուն: Բայց այդ դեպքերում շտապօգնությունը չպետք է սպասարկի հիվանդին: Այդ թեստերը յուրաքանչյուրի քմահաճույքով չպետք է կատարվեն: Պետք է ունենանք համապատասխան ախտանշաններ, հիվանդը պետք է անպայման դիմած լինի ընտանեկան բժշկին, հիվանդը պետք է ապրի կամ աշխատի այն օջախում, որտեղ այդ հիվանդությունով որեւէ հիվանդ է հայտնաբերվել, պետք է շփում ունենա կորոնավիրուսով հիվանդի հետ»:
Կարդացեք նաև
Շտապօգնության ծառայության տնօրենն ասաց, որ եթե քաղաքացիները ջերմում են, հազում են, դիմեն պոլիկլինիկա՝ ընտանեկան բժշկին, նա կուղղորդի:
Aravot.am-ը հարցրեց՝ վարչապետն ասաց, որ եղել են կոնտակտավոր քաղաքացիներ, որոնք թաքնվել են բժիշկներից, բժիշկները գնացել են տուն, դուռը թակել են՝ չեն բացել, հայտնի՞ է ձեզ, թե քանի՞ նման դեպք է եղել՝ Թագուհի Ստեփանյանը պատասխանեց. «Քանի նման դեպք է եղել, չեմ կարող ասել, բայց դեպքեր եղել են: Ուղղակի զարմանալի է, թե ինչի են պախկվում: Նման հիվանդները պետք է լինեն հսկողության տակ եւ պետք է գիտակցեն, որ իրենք էլ են վտանգավոր իրենց կողքի մարդկանց համար: Պետք է ամեն ինչին գիտակցաբար վերաբերվեն, որովհետեւ միայն նման ձեւով կարող ենք մենք այդ իրավիճակից դուրս գալ: Ո՞նց կարող են մարդիկ պախկվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ