Ինչպես նախապես ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարվել էր, աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մեր հանրապետությունում համաճարակային կայուն վիճակը պահպանելու և ս.թ. մարտի 31-ին համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով, ԿԸՀ-ն նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ: Մասնավորապես, հիմքում ունենալով բացառապես ընտրողների առողջական վիճակը անխոցելի պահելու գերնպատակը, քվեարկության օրը տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովականների, ընտրողների և այլ անձանց առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ:
Այսպես, տեղամասային կենտրոններում գտնվողները (ընտրական հանձնաժողովի անդամներ, ընտրողներ և այլ անձինք) ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով (ալկոհել, քլորակիր), տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ: Տեղամասերը կախտահանվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրը Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն:
Ամուր առողջություն ունենալը բոլորիս համար խիստ կարևոր է: Անպայման իրացնենք մեր ընտրական իրավունքն ապահովված պայմաններում:
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով