Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացրել, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ հանդիպման ընթացքում կորոնավիրուսի հետ կապված հարցեր են քննարկվել. «Պարետատունն աշխատում է ու տարբեր հնարավոր սցենարներ քննարկում են՝ վատ զարգացում, միջին զարգացում, լավ զարգացում»:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում հայտարարել էր, որ աշխատողներին հարկադիր պարապուրդի մատնելու համար պետք է պետությունը փոխհատուցի: Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ հիմա քաղաքական մեկնաբանություններ անելը սխալ է, որովհետեւ աշխարհում նման իրավիճակ չի եղել, փորձ չունի աշխարհը. «Կարծում եմ, թե՛ պարոն Ծառուկյանի, թե՛ իմ պարագայում հիմա գնահատականներ շռայլելը սխալ է»:
Լրագրողները հարցրեցին նաեւ մեդիայի սահմանափակումների մասին, որի հետ կապված իրենց մտահոգություններն էին հայտնել բազմաթիվ խմբագիրներ: Ալեն Սիմոնյանն ասաց, որ այսօր իշխանությունները շատ բաց են. «Որեւէ սահմանափակման մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է, չէ՞ որ խոսքը գնում է միայն կորոնավիրուսի մասին: Մենք ունենք դեպք, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը ու փորձել խուճապ տարածել: Իսկ երբ մենք խոսում ենք ցենզուրայի մասին, դա վերաբերում է միայն կորոնավիրուսին: Իշխանությունն ամբողջ ինֆորմացիան րոպեների, մաքսիմում կես ժամ, մի ժամվա ընթացքում փոխանցում է հանրությանը, անհանգստությունը փոքր-ինչ ուռճացված է: Հայաստանը գտնվում է այն եզակի երկրների մեջ, որոնք ինֆորմացիայի առումով շատ բաց են: Շատ է խոսվում այն մասին, որ շատ ու շատ երկրներ թաքցնում են ինֆորմացիան, որը Հայաստանը չի անում, դրա իմաստն ուղղակի չկա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ