Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ծրագրի նախագծի շուրջ քննարկումները: Մասնավորապես, այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձ են կատարվել գյուղատնտեսության ոլորտի հետ կապված միջոցառումներին:
Քննարկումներին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև Ազգային ժողովի Տնտեսական, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ՝ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:
Մասնավորապես, նշվել է, որ ծրագրի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումը, սուբսիդավորման միջոցով նպաստել գյուղոլորտի տարբեր ճյուղերի խնդիրների լուծմանն ու հետագա զարգացմանը: Ծրագրի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է՝ հաշվի առնելով այսօրվա քննարկումների արդյունքներն ու հնչեցված գաղափարները, վերջնական տեսքի բերել գյուղոլորտի հետ կապված նախագիծը և ներկայացնել կառավարության հաստատմանը:
Կարդացեք նաև
Առողջապահության, սոցիալական և այլ ոլորտներին օժանդակություն ցուցաբերելու շուրջ քննարկումներն առաջիկա օրերին կառավարությունում կշարունակվեն:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ