«Արցախում ընտրությունները պետք է կայանան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը` նկատելով, որ մշտապես էլ տարբեր վիրուսներ լինում են`մի քիչ սուր, մի քիչ թույլ եւ դա հիմա ընտրությունների հետ կապելը սխալ է: Մեր զրուցակիցն օրինակ է բերում Ֆրանսիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի շատ է, մի քանի օր առաջ կայացան ՏԻՄ ընտրություններ եւ որեւէ խնդիր չեղավ: Սամվել Բաբյանը նաեւ նկատում է`վիրուսի պատրվակով ընտրությունները հետաձգելը նաեւ հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ Արցախում չկա այդ վարակով հիվանդ անգամ մեկ մարդ:
Հիշեցնենք, Արցախում արտակարգ դրություն հայտարարելու եւ մարտի 31-ին կայանալիք նախագահ ու խորհրդարանի ընտրությունները հետաձգելու կոչով հանդես էր եկել Արցախի նախագահի թեկնածու, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:
«Մարդիկ ինչ-որ քաղաքական հայտարարություններ են անում, դա իրենց խնդիրն է, միգուցե իրենց ռազմավարությունն է, կամ իրենց էդպես է ձեռ տալիս, էդպես էլ հայտարարում են, բայց մենք հանգիստ գնում ենք ընտրարշավի: Հասարակությունն ինքը ընդունում է, հանդիպում է`փողոցում, դահլիճում. մենք այդպես էլ շարժվում ենք առաջ»,- ասաց Սամվել Բաբայանը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Սամվել Բաբայանից հետաքրքրվեցինք`այս ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ էր, նաեւ տեսակետներ կային, որ ընտրապայքարը լարված է լինելու`կա՞ն ներքին գործընթացներ, որոնք անհանգստանալու առիթ են տալիս:
«Ես անհանգստանալու ոչինչ չունեմ, մեր թիմը ոչինչ չունի: Եթե ուրիշների մոտ խնդիր կա, դա արդեն այլ հարց է: Մենք աշխատում ենք, ամեն ինչ վերահսկողության տակ է եւ մտահոգվելու խնդիր չունեինք»,- պատասխանեց Սամվել Բաբայանը` հավելելով, որ լարվածության մասին խոսակցությունները լրատվամիջոցներն էն տարածում` սենսացիաներ փնտրելով, նաեւ. «Պարտվող կողմը միշտ բարձր գոռում է, որ ինքը հատուկ միջոցներ պետք է ձեռնարկի: Դրա համար մենք ուշադրություն չենք դարձնում, հանգիստ զբաղված ենք մեր գործով: Քարոզարշավ է, ստեր են հորինում եւ այլն, բնական է»:
«Պարտվող կողմի» անուններ հնչեցնելու մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց, իսկ իրենց թիմի մասին ստեր, ասաց հորինում են թե մյուս թեկնածուները, թե նրանց աջակիցները: «Պարզվում է, որ մենք սորոսական ենք, մի տասն օր առաջ ես ռուսական էի»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր դիտարկմանը`դուք «նիկոլական չէի՞ք», արձագանքեց. «Հիմա էլ արդեն նիկոլական, վաղն էլ կարող ա ասեն Ադրբեջանի շպիոն եք: Ի՞նչ անեմ»: Հարցին`ի վերջո`ո՞վ եք Դուք, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ես`ես եմ: Ոնց որ կամ`միշտ այդպես էլ մնացել եմ»: Սամվել Բաբայանը վստահեցնում է նաեւ, որ ստվերային պայմանավորվածություններ էլ չունի. «Ես ոչ մի ժամանակ քաղաքական դաշտում ստվերային պայմանավորվածություններ չեն ունենում եւ նման գործարքների չեմ գնում»:
Հ1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել և այդպես վերաբերվել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը՝ նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանն ընտրած և այդ իշխանությանը վստահող ժողովրդին»:
Սամվել Բաբայանին հարցրեցինք`իր կարծիքով թեկնածուներից ո՞ւմ նկատի ուներ ՀՀ վարչապետը, եւ, արդյոք սա միջամտություն չէ Արցախի ներքին գործերին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ չի միջամտելու:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում Արտակարգ դրություն հայտարարելու առիթով խորհրդարանում հրավիրված նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, նաեւ ասել էր, որ հիմք չի տեսնում Արցախի ընտրությունների հետաձգման համար:
ՀՀ վարչապետի`թե նախորդ, թե այս հայտարարությունը, Սամվել Բաբայանը չի համարում միջամտություն Արցախի ներքին գործերին. «Արցախում ընտրված ցանկացած ղեկավար պարտավոր է Հայաստանի հետ ունենալ ջերմ հարաբերություն: Հայաստանի իշխանությունները պարտավոր են հայտարարել, որ նրանք, ովքեր իրենց համար անցանկալի են`ժողովուրդն իր տեսակետը արտահայտի: Բայց չի ասել`14-ից ո՞ւմ ընտրի: Ասում է`ովքեր դեմ են»: Հստակեցնող հարցին`ովքե՞ր են դեմ Սամվել Բաբայանը պատասխանեց`շատ բան գիտի, բայց «իմաստը ո՞րն է»:
Նաեւ չի ցանկանում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանին այն պատճառով, որ հստակ չգիտի, թե նա ո՞ւմ նկատի ուներ: Իր գնահատմամբ, «դեմ»-ը նրանք են, ովքեր որ «աշխատում են դիվիդենտներ հավաքելու» համար եւ ովքեր, որ ասում են`Հայաստանը պետք է վաղը Արցախը ճանաչի. «Նրանք հակապետական քաղաքականություն են վարում: Ես տեսնում եմ այն վտանգները, որ մենք`մեր ձեռքով, Հայաստանը տանում ենք հարվածի տակ»: Իր կարծիքով, Արցախի հարցի քաղաքական լուծումից հետո միայն ժողովուրդը կորոշի`Արցախը միանում է Հայաստանի՞ն, թե՞ մնում է անկախ:
Այլ մանրամասները`տեսանյութում
Դիտարկմանը` խոսակցություններ կան, որ «Ազատ հայրենիքի» ղեկավար Արայիկ Հարությունյանն այս ընտրություններում ՀՀ իշխանությունների սիրելի թեկնածուն է, մինչդեռ ինքը Արցախի նախկին ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի կողքին է, մտավախություններ ունի՞, Սամվել Բաբայանը պատասխանեց, որ մտահոգություններ չունի. «Սիրելի թեկնածու է, բայց դա ոչինչ չի ասում, որովհետեւ կարող են եւ այլ թեկնածուներ լինեն սիրելի: Ընտրությունը ժողովուրդ կանի`կերեւա: Գլխավորը`Ձեր իսկ կողմից մտահոգությունը, որ պարոն Փաշինյանը ասում է, ես վստահ եմ, որ դրանք չեն լինելու: Իսկ մնացածի հետ աշխատելու են, էլի, ի՞նչ է եղել»:
Ինչ վերաբերվում է Մասիս Մայիլյանին, նա չի համարում ՀՀ իշխանության ֆավորիտ թեկնածուներից, բայց չի էլ գտնում, որ անընդունելի է:
Հարցին`տեսակետ կա, որ ընտրությունները երկու փուլով կընթանան, ի՞նչ եք կարծում, Սամվել Բաբայանն ասաց, որ չի ցանկանում Արցախի հասարակության փոխարեն որոշումներ կայացնել, ընտրությունները կլինեն`ժողովուրդը կորոշի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ