Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախին տրվող օգնության կասեցման մասին որոշումը ոչ թե վերջնական ԱՄՆ կեցվածքն է, այլ միայն գործադիրինը, բայց դեռ օրենսդիրը պետք է հաստատի». Կիրո Մանոյան

Մարտ 23,2020 19:25

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը սխալ է համարում եզրակացությունները, թե ԱՄՆ-ն կասեցրել է Արցախին տրվող օգնությունը:

Հիշեցնենք՝ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը։

Aravot.am-ի հետ զրույցում Կիրո Մանոյանն այս առիթով պարզաբանեց. «Սա ոչ թե վերջնական Միացյալ Նահանգների կեցվածքն է, այլ ԱՄՆ գործադիրի կեցվածքը, բայց դեռ օրենսդիրը պետք է հաստատի: Գոնե մինչև այսօր դա այդպես չէ, քանի որ բյուջեի հաստատման գործընթացը դեռևս շարունակվում է : Օրենսդիրը պետք է հաստատի բյուջեն: Սպիտակ տունն անցյալ տարի էլ՝ 2020-ի բյուջեի համար էլ չէր նախատեսել Արցախի համար մարդասիրական օժանդակությունը, 2021-ի բյուջեի մեջ էլ իրենք իրենց նախագծի մեջ հանել են, բայց տակավին, ինչպես անցյալ տարի էլ եղավ, չի բացառվում, որ այս տարի էլ լինի: Այսինքն՝ օրենսդիրն անցյալ տարի հաստատեց Սպիտակ տան նախագծի հակառակը, ինքն ավելացրեց: Հիմա Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այդ ուղղությամբ աշխատանք է տանում, որ օրենսդիրն ինքն ավելացնի: Դրա համար էլ արդեն 75 կոնգրեսականներ իրենց համաձայնությունը հայտնել են: Անցյալ տարի մոտ 90-ն էին կոնգրեսականները, հիմա 75-ը: Հայ դատի հանձնախումբը փորձում է ամերիկահայ համայնքին մղել, որ մյուսներն էլ համաձայնեն»:

Կիրո Մանոյանը նշեց՝ երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի մեծամասնության համաձայնությունն է պետք:

Հարցին ի՞նչ ժամկետներ կան, որպեսզի պարզ լինի, թե այս հարցով օրենսդիրն ինչ որոշում է կայացնում, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Այդ գործընթացն առնվազն մի քանի ամիս կտևի: Բյուջեն հոկտեմբերից հոկտեմբեր է հաշվվում: Այսինքն՝ տեսականորեն դեռ մինչև հոկտեմբեր ժամանակ կա, բայց օրենսդիրը կարող է նաև ավելի շուտ որոշում կայացնել»:

Մեր դիտարկմանը՝ այն, որ անցյալ տարի էլ գործադիրն առաջարկել էր բյուջեից հանել Արցախին հատկացվող օգնությունը, դա արդեն խնդիր է, և արդյոք այդտեղ չկա՞ մեր թերացումը, Կիրո Մանոյանն այսպես արձագանքեց. «Մեր թերացումը չկա արդյոք ասելն անպայման ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանը 20 տարի շարունակ փորձել է այդ ֆինանսական օգնության դեմն առնել, բայց չէր հաջողվում: Անցյալ տարվանից սկսած Սպիտակ տունն էլ նույն կարծիքին է: Դրա համար էլ եզրակացնում ենք, որ Սպիտակ տունը նաև այլ պատճառներ ունի դրան՝ դեմ լինելու: Կարծեք թե ուզում է Հայաստանին ու հայությանն ինչ-որ պատգամ փոխանցել»:

Հետաքրքրվեցինք՝ մասնավորապես ի՞նչ է ակնարկում ԱՄՆ-ն, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Հատուկ բան ասել չենք կարող: Իրենք ասում են, որ վերջանում է ականազերծման ծրագիրը, դրա համար է, բայց պարզ է, որ այդպես չէ: Դեռ անելիք կա, կարելի է այլ ծրագրերի էլ ուղղել, բայց հարցն այն է, որ իրենք այլ հարցերում կարծեք թե դժգոհ են և ուզում են իրենց տեսակետը հայտնած լինել»:

Նշեցինք, թե կարծիքներ կան, որ խաղաղության ծրագրերին են ցանկանում ֆինանսական աջակցություն ցուցաբերել,Կիրո Մանոյանն ասաց. «Ինչու Արցա՞խն էր արգելողը, որ խաղաղություն լինի: Անիմաստ առարկություն-հիմնավորում է դա: Ընդհակառակը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակությունը հարյուր միլիոնի են հարցրել, Արցախին տրամադրվելիք մի քանի միլիոն մարդասիրական օգնությունը հանում են: Պարզ է, որ դա ֆինանսի խնդիր չէ: Եթե այդպես լիներ, պետք է որ Ադրբեջանինն էլ պակասեցնեին, բայց, ընդհակառակը, ավելացրել են»:

Հարցին՝ հնարավո՞ր է ինչ-որ բան փոխվի Արցախում ընտրություններից հետո, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Կարող է ինչ-որ դրական տպավորություն ստեղծվի օրենսդիրի մոտ, բայց չեմ կարծում, որ գործադիրի մոտեցման մեջ փոփոխություն լինի, քանի որ հատկապես գործադիրն արդեն ընտրություններն այսպես ասած՝ չի ճանաչում: Դրա համար էլ չեմ կարծում, որ իրենց համար տարբերություն կլինի, թե ընտրությունը լավ ընթացավ, թե ոչ: Բայց սա, եթե այսպես մնա, եթե օրենսդիրն էլ համաձայն լինի, սա կնշանակի՝ ԱՄՆ-ի՝ որպես արդար, չեզոք միջնորդի դերակատարությունը կխախտվի: Կասկածի տակ կդրվի այդ հանգամանքը, քանի որ մի կողմից տրամադրում են ռազմական օժանդակություն Ադրբեջանին, մյուս կողմից կրճատում մարդասիրական օժանդակությունը Արցախին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031