Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանի ուղղությամբ կրակած տղամարդը կալանավորվել է

Մարտ 23,2020 19:54

Մարտի 22-ին, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Զաքարիա Սարկավագի փողոցում նկատել էին կասկածելի մի տղամարդու: Մոտեցել էին: Եվ անձը հաստատող փաստաթուղթ պահանջելիս նրա գոտկատեղի հատվածում ատրճանակի նմանվող առարկա նկատել: Պահանջել էին ցույց տալ ինչ է թաքցնում: Տղամարդը դիմել էր փախուստի, կրակել իրեն հետապնդող ոստիկանի ուղղությամբ: Հաշվի առնելով, որ շուրջը բնակելի շենքեր են, երթևեկող մեքենաներ, ոստիկանները պատասխան կրակ չէին բացել: Նա էլ փախել էր:

Պարեկայինները ռադիոկապով անմիջապես ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կապվեցին, զեկուցեցին կատարվածի մասին, հայտնեցին տղամարդու արտաքին տվյալները: Օպերատիվ խումբն անհապաղ Սարկավագի փողոց մեկնեց: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերեցին մեկ պարկուճ, որն արտաքուստ գազային ատրճանակի պարկուճի էր նման և բջջային հեռախոս:

Բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող անհետաձգելի միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, Նոր Նորքի և Մաշտոցի բաժնի ծառայողները: Եվ համատեղ աշխատանքը դրական արդյունք տվեց:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում, պարզվեց, որ ոստիկանության ծառայողի ուղղությամբ կրակոց արձակած անձը գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 27-ամյա մի տղամարդ:

Դեպքից ժամեր անց Սիսակյան փողոցի շենքերից մեկում իրավապահները հայտնաբերեցին նրան և բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

9 մմ տրամաչափի գազային ատրճանակը հայտնաբերվեց և առգրավվեց:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ բերման ենթարկվածը Զաքարիա Սարկավագի փողոցում կայանած մի մեքենայից անձնագիր է հափշտակել, բացի այդ` Երևան քաղաքի և մարզերի խանութներից, դեղատներից ու ավտոմեքենաներից կատարել է մոտ 40 գողություն, նաև խարդախության 10 դեպք:

Սիսակյան փողոցի այն բնակարանից, որտեղից հետախուզվողը բերման է ենթարկվել, ոստիկանները հայտնաբերել են նաև մարիխուանա, որը, ըստ ձեռք բերված տվյալների, 27-ամյա տղամարդունն է:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է փորձաքննություն:

Ոստիկանների ուղղությամբ ատրճանակից կրակած հետախուզվողը կալանավորվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031