Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մհրյան. «Կան ինքնամեկուսացված ոստիկաններ»

Մարտ 23,2020 18:55

Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքները ոստիկանությունը սկսել է դեռեւս փետրվարի 23-ից՝ ոստիկանապետի հրամանով: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նա նշեց, որ այդ կանխարգելիչ գործողությունների առաջին փուլում, սկսած փետրվարի 23-ից ոստիկանները սկսել են Իրանից ժամանող բեռնատարների ուղեկցումը, որպեսզի թույլ չտան վարորդները շփվեն ՀՀ քաղաքացիների հետ: Ըստ փոխոստիկանապետի, մոտ 459 տրանսպորտային միջոց, 98 ուղեկցում է իրականացվել սահմանից դեպի տերմինալ:

«Առողջապահության նախարարության հետ համատեղ սկսվեցին այն անձանց մեկուսացման աշխատանքները, որոնք հնարավոր վարակակիրներ էին: Նախարարության հետ իրականացրել ենք մեկուսացման աշխատանքները «Գոլդեն փելեսում», Նորքի ինֆեկցիոնում կլինիկայում, հետո «Զվարթնոց» օդանավակայանի մասնաշենքի մեկուսացումն ու «Ռենկո»-ի աշխատակիցների մեկուսացումն իրականացրեցինք՝ կայուն պահակակետի միջով»,-ասաց Մհրյանը:

Փոխոստիկանապետի խոսքով՝ երբ արտակարգ դրություն հայտարարվեց, սկսվեց ոստիկանության աշխատանքների 2-րդ փուլը. «Ստեղծվեցին կայուն պահակակետերը, որտեղ հնարավոր վարակակիր մեր հայրենակիցներն էին տեղաբաշխվում եւ պահակակետերն ավելացան եւս 10-ով, այստեղ եւս կայուն պահակակետերի միջոցով իրականացնում էինք պահպանություն: Աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով: Մենք իրականացնում ենք ինքնամեկուսացված քաղաքացիների հսկողությունը, որը կատարվում է հեռախոսակապի միջոցով, տեղեկությունները առողջապահության նախարարությունից ենք ստանում: Մենք ըստ հասցեների, օրը մի քանի անգամ, 4 ժամը մեկ հատ-հատ հեռախոսակապով կապնվում ենք մեկուսացված քաղաքացիների հետ եւ ապահովում նրանց կապը ոստիկանության եւ նախարարության միջեւ, եթե ունենում ենք բողոքներ, կապվում ենք նախարարության հետ, ու մասնագետը մոտենում է նրանց»:

Մհրյանը վստահեցրեց՝ եղել են ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներ. « Առողջապահության նախարարությունը մեզ տեղեկություն է տվել, որ այսինչ հասցեում, այսինչ անձը ինքնամեկուսացման ռեժիմը խախտում է, մենք կապվում ենք տվյալ քաղաքացու հետ, հորդորում, բացատրում, խնդրում ենք, որ նա կատարի պայմանները: Անհրաժեշտության դեպքում նաեւ այցեր ենք կատարում»:

Մհրյանի տեղեկացմամբ՝ Էջմիածնում էլ են 28 պահակակետով մեկուսացման աշխատանքներ են իրականացրել, 3-ը հսկիչ անցագրային կետեր էին, մնացածը՝ կայուն պահակակետեր էին, որտեղ անցուդարձն արգելված էր. «Այդ ընթացքում ջերմող քաղաքացի, եթե հայտնաբերվում էր՝ հետ էինք ուղարկում, տվյալները վերցնում ու հետագա հսկողության տակ պահում»:

Արտակարգ դրության մասին որոշման համաձայն, արգելվում է հանրային միջոցառում կազմակերպել կամ մասնակցել 20 անձից ավելիի դեպքում: Մհրյանը վստահեցրեց՝ պարետի ցուցումով հսկողություն են իրականացրել հուղարկավորության կազմակերպման տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Ոստիկանությունն այս ընթացքում պարետի ցուցումը ստանալուց հետո 1351 իրազեկում է ուղարկել տնտեսվարողներին, որոնցից 1133-ը՝ զվարճանքի ու ժամանցի օբյեկտներ են, մնացածը՝ սգո սրահներ:

Ոստիկանները մասնակցել են նաեւ հուղարկավորություններին, հսկել են, որպեսզի պարետի ցուցումը չխախտվի: Մհրյանի խոսքով. « Երեկվա դրությամբ ոստիկանությունը 115 հուղարկավորության միջոցառում է սպասարկել ու պահպանել 20 հոգու սահմանափակման ռեժիմը: 370 տնտեսվարողների պարետի ցուցումով իրազեկում ենք ուղարկել, որպեսզի իրենց գործունեությունը ժամանակավոր դադարեցնեն»:

ՀՀ ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսով հիվանդացությամբ 59 քաղաքացու բուժում է կազմակերպվել, եւ ինչպես ասաց Մհրյանը, ոստիկանության աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք չի գրանցվել, կա ոստիկանության աշխատակցի մի ընտանիք, որն ուղղակի հսկողության տակ է Ծաղկաձորում եւ կան ինքնամեկուսացված ոստիկաններ: Թե որքան ինքնամեկուսացված ոստիկաններ կան, Մհրյանը չասաց, բայց վստահեցրեց՝ շատ չեն:

Փոխոստիկանապետը նաեւ վստահեցրեց՝ ոստիկանության անձնակազմն ամեն առավոտյան ստուգվում է, ջերմաչափվում են աշխատակիցները, եթե ջերմող աշխատակից է լինում՝ ուղղորդում են բուժվարչություն, եթե ցուցում է լինում՝ ինքնամեկուսացման:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031