ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու հերթական դեպքը։
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային 2 տեսուչներ, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, ՀՀ ՊԵԿ նախագահի հանձնարարագրի հիման վրա տնտեսվարող սուբյեկտներից մեկում իրականացնելով համալիր հարկային ստուգում, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են ծառայողական լիազորությունները և ծառայության շահերին հակառակ չեն կատարել ծառայողական պարտականությունները:
Նշված անձինք, մասնավորապես, միջոցներ չեն ձեռնարկել իրավախախտումը կանխելու և բացահայտելու ուղղությամբ, իրենց կազմած ակտով չեն արձանագրել հայտնաբերված խախտումները՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, հեղինակազրկելով պետական մարմինը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն և խաթարելով դրա բնականոն գործունեությունը, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծել իրավախախտումը կոծկելու և նոր իրավախախտում կատարելու համար ու առաջացրել ծանր հետևանքներ:
Պաշտոնեական լիազորությունները կատարելու փոխարեն հիշյալ պաշտոնյաները նախնական համաձայնությամբ, ստուգվող ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ չկատարելու, այն է՝ հայտնաբերված իրավախախտումները չարձանագրելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջացնելու համար, վերջինիցս 2020թ. մարտի սկզբին նշված տնտեսվարող սուբյեկտի հաշվապահությունը վարող անձի օժանդակությամբ որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասը՝ 4.000.000 ՀՀ դրամը, տեսուչներից մեկը 2020 թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստացել է ՍՊԸ-ի տնօրենից, որից հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։
Կարդացեք նաև
Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ենթադրյալ հանցագործության կատարման մեջ կասկածվող 4 անձինք ձերբակալվել են: Կատարված խուզարկությամբ տեսուչներից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել է կաշառքի առարկան, իսկ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը խոստովանել է կաշառք տալու հանգամանքը, ինչը պնդել է առերեսման ժամանակ։ Ստուգումն իրականացնող 2 տեսուչներին մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։