«Մենք պատրաստ են մասնակցել բանակցությունների եւ քննարկել ցանկացած հարց, սակայն միեւնույն ժամանակ մեր դիրքորոշումը հստակ է՝ որեւէ մեկին առիթ չենք տալու, որ մտածեն, որ մենք կարող ենք գնալ զիջումների», «Առավոտին» տված հարցազրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու եւ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Առավոտը» հիշեցրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ հանդիպումը Ժնեւում տեւեց երկու օր, ավելի քան 10 ժամ։ Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում էր, որ ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների եւ քննարկված առաջարկների իրականացումը եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները եւ տարրերը։
Արայիկ Հարությունյանին հարցրեցինք, քանի որ դուք նշում եք, որ համաձայն եք Փաշինյանի վարած արցախյան քաղաքականության հետ՝ տեղյա՞կ եք, թե ինչ համաձայնություններ են կայացել 2019-ին:
Կարդացեք նաև
«Ոչ, տեղյակ չեմ: Ես պաշտոնյա չեմ եւ նման ինֆորմացիայի չեմ կարող տիրապետել: Բայց կարող եմ ասել, որ մեր դիրքորոշումը մնում է նույնը, եւ բացի այդ մենք ականատես ենք լինում, որ հիմա Հայաստանի եւ Արցախի իշխանությունները համատեղ Անվտանգության խորհրդի նիստեր են անցկացնում, որտեղ բավական հստակ ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմերի դիրքորոշումները», պատասխանեց մեր զրուցակիցը:
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու եւ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտ»-ի՝ մարտի 24-ի եւ 25-ի համարներում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: