Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 31 քաղաքացու դեմ, որոնք կասկածվում են սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու մեջ»։
Ադանայի նահանգային ոստիկանության անվտանգության վարչության կողմից նշյալ անձինք բերման են ենթարկվել։ Նրանց տներում և աշխատավայրերում իրականացված խուզարկության ժամանակ առգրավվել են բազմաթիվ թվային սարքեր։
Նրանց դեմ հետաքննություն էր սկսվել մասնավորապես հասարակության մեջ վախ և խուճապ առաջացնելու, թշնամություն տարածելու, ապօրինաբար անձնական տվյալներ հանրայնացնելու և տարածելու մեղադրանքով։
Նշենք, որ նման դեպք տեղի էր ունեցել նաև նախորդ շաբաթ։ Ադանայում մոտ 10.000 մարդու sms հաղորդագրություն էր ուղարկվել նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ, որում նշված է եղել. «Ձեր թեստի արդյունքը դրական է»։ Հաղորդագրություն ուղարկած անձը ևս ձերբակալվել է։