Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Քաղաքական առաջնորդները՝ համավարակի և միջազգային ուշադրության կենտրոնում

Մարտ 23,2020 15:59

Նոր տեսակի կորոնավիրուսի առաջ հավասար են բոլորը, այդ թվում՝ երկրների իշխանությունները: Ի՞նչ են անում տարբեր երկրների քաղաքական առաջնորդները:

Անձնական թիկնազոր, ուղեկցող մեքենաների շարասյուններ, ազգային և պետական անվտանգության հատուկ չափորոշիչներով սահմանվող օրակարգ, հատուկ հսկողություն և այլն… այս և մի շարք այլ հատուկ միջոցառումներ են իրականացվում երկրի քաղաքական առաջնորդի, նրա ընտանիքի անվտանգությունը ապահովելու և կյանքին սպառնացող ցանկացած վտանգ չեզոքացնելու համար: Սակայն 21-րդ դարում, երբ մարդկությունը հասել է բժշկագիտության, առողջապահության և գիտատեխնիկական այլ ոլորտներում անկասելի նվաճումների, ի հայտ է գալիս նոր համավարակ և վտանգում տասնյակ հազարավոր կյանքեր՝ անկախ ազգությունից, դիրքից և դավանանքից:

2020 թվականին նոր տեսակի կորոնավիրուսը, որը տարածվեց բոլոր մայրցամաքներում (բացի Անտարկտիդայից) ևս մեկ անգամ ապացուցեց՝ բոլոր մարդիկ հավասար են: Բացառություն չեն միջազգային քաղաքականությունում աշխարհի տարբեր երկրների, այդ թվում նաև գերտերությունների քաղաքական առաջնորդները՝ անկախ նրանց պաշտպանվածության մակարդակից:

Յուրաքանչյուր կյանքը բացարձակ արժեք է, իսկ յուրաքանչյուր երկրի քաղաքական առաջնորդի կյանք՝ միլիոնավոր մարդկանց կյանքի, անվտանգության և կայունության ապահովման երաշխիք: Մինչ ամբողջ աշխարհը կոչ է անում ինքնամեկուսանալ և մնալ տանը, քաղաքական գործիչները հրավիրում են խորհրդաժողովներ, հանդիպումներ տարբեր մասնագետների հետ և քննարկում են համաշխարհային առողջապահության այս մարտահրավերի դեմ կանխարգելիչ գործողություններ իրականացնելու ռազմավարությունը: Այս հարցում օգնության են հասնում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաները:

Մարտի 17-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Instagram»-ի իր պաշտոնական էջում հրապարակեց լուսանկար, որտեղ երևում է թե ինչպես են օնլայն համաժողով անցկացնում G7-ի երկրների առաջնորդները և միասին քննարկում գլոբալ հիմնահարց դարձած «COVID-19»-ի հետ կապված խնդիրները:

«Մենք հանձնառու ենք անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ մարդկանց պաշտպանելու և մեր տնտեսություններին աջակցելու համար: Մենք կհամակարգենք մեր պատասխանները, կձեռնարկենք ուժեղ և հավաքական գործողություններ և կկարողանանք միասին անցնել այս ամենի միջով»,- գրել էր Թրյուդոն:

Հանրային առողջապահության ոլորտի պատասխանատուները բոլոր կանադացիներին խնդրել են ինքնամեկուսացվել: Կանադայի վարչապետը ինքնամեկուսացվեց այն բանից հետո, երբ նրա կնոջ՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոյի մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց: Հաջորդ օրը Թրյուդոն հայտարարեց, որ իր մոտ կորոնավիրուս դեռ չի հայտնաբերվել, ինքնազգացողությունը լավ է, չունի ախտանիշներ: Արդեն երկու շաբաթ է, ինչ վարչապետը հեռահար աշխատանքի է անցել: Աշխատակազմի, երկրների առաջնորդների, ազգային տեղական ղեկավարների հետ հանդիպումները և այլ գործընթացներ իրականացնում է տնից. «Տեխնոլոգիաները թույլ են տալիս ինձ տանից աշխատել: Դա, իհարկե, այդքան էլ հարմար չէ, բայց մենք պետք է մտածենք մեր ընտանիքների, ընկերների ու հարազատների մասին»:

Բացի Թրյուդոների ընտանիքից, ամբողջ աշխարհում այլ քաղաքական գործիչներ նույնպես ստիպված ինքնամեկուսացել են:

ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփը համազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել: Նա նշել է նաև, որ նոր կորոնավիրուսի ախտանիշներ իր մոտ չկան: Եթե ի հայտ գան, կմտածի թեստ հանձնելու մասին, հիմա անհրաժեշտություն չի տեսնում:

Վիրուսի կենտրոնն արդեն Եվրոպան է: Ամբողջ աշխարհում երկրները շարունակում են փակել սահմանները, սահմանափակել երկիր մուտքն ու ելքը, սահմանել կարանտինային խիստ պահանջներ և արգելել մարդկանց զանգվածային հավաքները: Եվրոպայում համավարակի օջախ են Իտալիան, Իսպանիան և Գերմանիան: Կարանտինի է անցել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այն բանից հետո, երբ իմացել է, որ շփել է բժշկի հետ, որի մոտ ավելի ուշ հաստատվել է կորոնավիրուս:

Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կքննարկի կորոնավիրուսի բռնկումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ: Մարտի 26-ին ԵՄ առաջնորդները արդեն երկրորդ անգամ կանցկացնեն կորոնավիրուսի վերաբերյալ տեսակոնֆերանս:

Համավարակը չտարածելու և չվարակվելու համար քաղաքական առաջնորդները ողջույնի ավանդական ձեռքսեղմմանը գտել են այլընտրանք: Փարիզում Իսպանիայի թագավորական զույգի ընդունելության ժամանակ Մակրոնը չի սեղմել Ֆիլիպ VI-ի ձեռքը. Նախագահն ողջունել է հնդկական ոճով՝ օգտագործելով «նամաստե» ժեստը: Նրա կինն էլ՝ Բրիջիթ Մակրոնը, թագուհի Լետիցիային օդային համբույր է ուղարկել:

Մակրոնը համավարակի դեմ պայքարը այսպես է բնորոշել. « Մենք պատերազմի մեջ ենք, որտեղ թշնամին անտեսանելի է»: Ֆրանսիայում սահմանափակել են մարդկանց տեղաշարժը, Շենգենյան շրջանի արտաքին սահմաններն էլ փակել են 30 օրով:

Ի տարբերություն Ֆրանսիայի՝ Ռուսաստանում կարծում են, որ կարիք չկա սահմանափակումներ և արտակարգ դրություն սահմանել. Չնայած բարձր մակարդակի ռիսկի՝ կորոնավիրուսը, ընդհանուր առմամբ, կառավարելի են համարում: Նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի կորոնավիրուսի հետ կապված իրադարձությունների ցանկացած զարգացման:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է զարգանում կորոնավիրուսը աշխարհում: Կտրուկ ավելանում է վարակվածների թիվը: Որոշ երկրներում սահմանում են կարանտին, դադարեցնում են ցամաքային և օդային հաղորդակցությունը, ուսումնական գործընթացը և այլն: Այս ամենն արվում է օբյեկտիվ հանգամանքներից ելնելով: Բայց մեզ հաջողվել է խուսափել զանգվածային վարակման դեպքերից»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Տարբեր երկրներում քաղաքական ասպարեզում վարակման դեպքեր են գրանցվել պատգամավորների և նախարարների շրջանում: Ըստ պաշտոնական տվյալների՝ աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի վարակման ավելի քան 300.000 դեպք, 95.000-ից ավելի բուժառուներ հաղթահարել են վիրուսը և բուժվել են:

Միլենա ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031