Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրատվական «ժանգլյոռություն» անել պետք չէ». Նաիրա Զոհրաբյան

Մարտ 23,2020 15:37

«Ինքս լրագրող եմ եղել եւ, կարծում եմ`ոչ վատ լրագրող, բայց երբեւէ չեմ ընդունել լրագրողական «ժանգլյոռությունը», երբ համատեքստից կտրում են միտքը, հետո դա ճպպացնում են վերնագիր, եւ փորձում խեղաթյուրել ամբողջ ասածի բովանդակությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի աղմուկ բարձրացրած հայտարարությանը:

Հիշեցնենք, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը`պատասխանելով հարցին`արդյոք պատրաստվո՞ւմ է պարապուրդի ընթացքում վճարել իր կառավարման տակ գտնվող հիմնարկների աշխատողների աշխատավարձերը, ասել էր, որ պետությունը պետք է վճարի եւ հարկերը, եւ աշխատողների աշխատավարձերը: Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները մամուլում տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեցին:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, Գագիկ Ծառուկյանն ասել է հետեւյալը. «Այսօր պետությունը, ինչպես համավարակի, համաճարակի մեջ գտնվող բազմաթիվ պետություններ են անում՝ պարտավոր է պատասխանատվություն կրել իր քաղաքացիների համար»:

Այսօր Հայաստանում, մասնավոր հատվածում, աշխատում է մոտ 400 հազար քաղաքացի, որոնց զգալի մասն այս համավարակի պատճառով զրկված է աշխատանքից եւ, բնականաբար, չի վճարվում: Նաիրա Զոհրաբյանն ասում է. «Գագիկ Ծառուկյանն, այո, կարող է իր կառավարմանը հանձնված հիմնարկների աշխատակիցների խնդիրը լուծել: Այստեղ հարցը Գագիկ Ծառուկյանը չէ եւ նա հստակ ասաց`ինքը կարող է լուծել իր աշխատակիցների հարցը, բայց խնդիրն ինքը չէ: Իսկ դուք հարցրե՞լ եք մյուս գործատուներին. փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող կազմակերպությունների թիվը Հայաստանում մատ 67 հազար է: Նրանք կարո՞ղ են չաշխատելու դիմաց իրենց աշխատակիցներին վճարել գոնե նվազագույն աշխատավարձ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ բոլորը միաբերան կասեն`ոչ, որովհետեւ դա պետության պոզիտիվ պարտականությունն է: Անհատ գործարարը կարող է բարի կամք դրսեւորել եւ իր ձեռնարկություններում կարգավորել իր աշխատակիցների խնդիրը, բայց արդյոք, պետությունը պետք է ձեռքերը լվանա եւ ամբողջ բեռը դնի տնտեսվարողների վրա: Սա էր ասում Ծառուկյանը եւ հստակ մատնանշում էր այն քայլերը, թե ի՞նչ պետք է անի պետությունը`նման սահմանային, ճգնաժամային իրավիճակներում: Եվ Ծառուկյանը նոր չէ այս ամենի մասին խոսում: Այսօր Հայաստանում 1 միլիոն 650 հազար վարկառու կա, վաղը այդ վարկառուները փակելու են փողոցները: Ես, որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ամբողջ գյուղերից եմ ահազանգեր ստացել, որ փակելու են փողոցները: Եվ հատկապես այսօր, այս ճգնաժամային իրավիճակում, երբ մեզ անհրաժեշտ է իրապես մոբիլիզացնել ուժերը, ցանկացած լրատվական մանիպուլյացիա, «ժանգլյոռություն» ուղղակի դատապարտելի եւ անընդունելի է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031