Aravot.am-ը ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչպես է վճռվելու ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Հակոբ Տեր-Ստեփանյանի ճակատագիրը, որին հեռացնում են համալսարանից՝ ֆիզկուլտուրա առարկայի պատճառով: Ուսանողի կարծիքով, իրեն հանիրավի են հեռացնում:
«ԵՊՀ-ն ամեն բան արել է կարգերին համապատասխան, ուսանողը չի ստացել ստուգարքը, բայց որքան գիտեմ, որ դիմել է ԿԳՄՍ նախարարություն` բացառություն անելու խնդրանքով»,-պատասխանեց պրոռեկտորը:
Մեկնաբանություն խնդրեցինք նաեւ ԿԳՄՍ նախարարությունից: Գերատեսչության լրատվականից փոխանցեցին, որ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը հաստատել է, որ վարչությունը ստացել է ուսանողի դիմումը՝ նման խնդրանքով: «Նախարարությունը պարզաբանումներ է խնդրել բուհից՝ դիմումում նշված փաստերի վերաբերյալ»,-հավելեցին նախարարության լրատվականից ու խոստացան, որ հետագայում ավելի մանրամասն մեկնաբանություն կանեն, երբ ուսումնասիրեն փաստերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ