Aravot.am-ն արդեն քանի օր է, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից ահազանգեր է ստանում, որ տարածքների սեփականատերերը, որոնցից տնտեսվարողները տարածքներ են վարձակալում, հայտարարում են, որ «տեղի» գումարները պետք է վճարեն։ Խոսքը մասնավորապես՝ տոնավաճառների, այլ շուկաների սեփականատերերի մասին է:
Այսօր Aravot.am-ը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին, որը կառավարության մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել, հարցրեց՝ արտակարգ դրության պայմաններում կառավարությունն ունի՞ լծակներ խոշոր սեփականատերերի հետ բանակցելու, այդ հարցերում էլ որոշակի լուծումներ գտնելու՝ ինչպես բանկերը վարվեցին՝ տնտեսվարողներին տրամադրելով վարկային արձակուրդ:
Մեր հարցին ի պատասխան, Վարոս Սիմոնյանն ասաց. «Այս հարցերը կարելի է դիտարկել ամբողջ աջակցության փաթեթով, որն այս պահին դրված է հանրային քննարկման, որով զբաղվում են իմ գործընկերները եւ իրականացնում են քննարկումներ տնտեսվարողների հետ: Կարծում եմ լուծումը կբավարարի թե՛ տնտեսվարողներին թե՛ այն ՓՄՁ սուբյեկտներին, որոնք վարձակալում են, կամ այլ տեսակի գործունեություն են ծավալում: Խնդիրը կայանում է նրանում, որ այս իրավիճակը բոլորի համար է, բոլորն են գտնվում նույն իրավիճակում եւ կառավարությունն անում է բոլոր այն քայլերը, որ հնարավորինս մեղմի համաճարակի արդյունքում առաջացող տնտեսական հետեւանքները:
Փոխնախարարից հետաքրքրվեցին՝ գործունության սահմանափակումները որքանո՞վ կազդեն գործազրկության մակարդակի վրա: Ի պատասխան, փոխնախարարն ասաց, որ զերծ կմնա այդ հարցին պատասխանելուց, որովհետեւ այս պահին քննարկումներն ընթանում են թե՛ աջակցության փաթեթի հետ կապված թե՛ ինչպես նաեւ հնարավոր տնտեսական ազդեցության:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հարկադիր արձակուրդում գտնվող անձանց, որոնք օրավարձով են աշխատում եւ ապրում, այդ մարդկանց համար ինչպիսի՞ տարբերակներ են քննարկում. լրագրողի հարցին, պարոն Սիմոնյանը պատասխանեց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք պատրաստում են քննարկել Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ