Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց ենք ճշտելու՝ այդ պահին հղի՞ է». ի՞նչ է սահմանում նոր օրենքը՝ «ակնհայտ հղի» կնոջը վարակելու առնչությամբ

Մարտ 23,2020 14:30

«Իսկապես խրախուսում ենք կառավարության արագ արձագանքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մեր գրավոր առաջարկների մեծ մասը հաշվի են առել: Բայց այլ լրացումներ էլ են կատարվել, որոնց հետ անվերապահորեն համաձայնել չենք կարող»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ազգային ժողովն այսօր ընդունեց հրատապության ռեժիմով կառավարության բերած՝ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը վարչական եւ քրեական պատիժ է սահմանում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների եւ տեղեկատվության տարածման սահմանափակումները խախտող ԶԼՄ-ների համար:

Գեւորգ Պետրոսյանը նշեց. «Հումորի վերածելու ցանկություն բացարձակ չունեմ, բայց ո՞նց ենք ճշտելու՝ այդ պահին հղի՞ է, թե՞ ոչ: Կամ, այդ պահին ինչի՞ց ենք ենթադրում, որ անձն անչափահաս է: Վտանգավորությունն արարքի դիտավորության մեջ է, իսկ այս դեպքում ստացվում է, որ մարդը ոչ դիտավորյալ կարող է վարակել հղի կնոջը: Որեւէ մեկին չի կարելի վարակել, բայց եթե մարդը, չիմանալով անձի հղի վիճակի մասին, ավելի ծանր պատասխանատվության է ենթարկվում, սա չի բխում արդարության սկզբունքից»:

Նշենք, որ ըստ փաթեթի՝ մեկուսացման եւ ինքնամեկուսացման ռեժիմի խախտմամբ այլ անձանց դիտավորությամբ վարակելը, կախված հետեւանքից, վարչական եւ քրեական պատասխանատվություն է ենթադրում:

Պատգամավորի մտահոգությանն արձագանքելով՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով՝ «ակնհայտ» եզրույթից հրաժարվում են:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հստակեցրեց. «Օրենքի նախագծում օգտագործվում է «ակնհայտ հղի կնոջ նկատմամբ» արտահայտությունը: Մենք այդպես էլ դիտարկել ենք: Իսկ նախարարի ասած օրինագծում կիրառվում է «հղի» բառը՝ «ակնհայտ հղի» արտահայտության փոխարեն»:

Վարդանյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ առանց այս օրենսդրական փաթեթի՝ կորոնավիրուսի տարածումը կանխելը հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031