Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Եթե ուզում եք լավ բան անեք, ով մի հատ տղա ունի ու ծնող է կորցնում, բերեք բանակն այդ մարդկանց համար անենք 1,5 տարի». Սասուն Միքայելյան

Մարտ 23,2020 14:12

«Ես տեսել եմ այդ վիճակում՝ շատ ծանր է: Ես ծնողս կորցնելուց հետո տարի ու կես պիտի ծառայեի: Շատ դժվար էր, որպես տան մեծ, երեխեքը փոքր են ու դու պիտի գնաս բանակ՝ երեխաներին թողնելով բախտի քմահաճույքին, 5 երեխա էինք: Շատ դժվար էր: Բայց երբ տղան գնում է բանակ, հոգեբանորեն պիտի պատրաստվի, տան մեծն է: Նման դեպքերում կարելի է  տալ 40 օր՝ սգից դուրս գա: Ես ասում եմ, որ ինչ դժբախտ առիթ էլ լինի՝ 40 օրը հերիք է»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ԲՀԿ պատգամավոր Սողոմոն Սողոմոնյանը:

Հիշեցնենք, հանձնաժողովում քննարկվում է «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հեղինակած՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է, որ զորակոչի ընթացքում, երբ մահանում է զորակոչիկի ընտանիքի անդամը, իր դիմումի համաձայն նախարարությունն իրավունք ունենա 6 ամիս տարկետում տալ:

Անդրանիկ Քոչարյան

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 6 ամսվա փոխարեն 40 օր տարկետում տալու հետ կապված խնդիր էր տեսնում. «40 օրը կարող է գալ ու զորակոչն ավարտված լինի, դուք ի՞նչ իրավակարգավորում եք այդ դեպքում տեսնում»:

Գաբրիել Բալայան

ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ սկզբունքորեն դեմ չեն, որ 6 ամիս տարկետում տան զորակոչիկին ու նման իրավակարգավորում սահմանեն, բայց խնդրահարույց հարցեր կան. «Այս ձեւաչափով ներքին հակասություններ են լինելու: Այսօրվա գործող ձեւաչափով մենք տալիս ենք 5 օր, եթե հարազատի մահ է տեղի ունենում, մենք ընդունում ենք, որ կա օրենքի բաց, բայց 6 ամիսը բավական երկար ժամկետ է»:

Բալայանն ասաց, որ մի քանի այլ տարբերակ են ՊՆ-ում քննարկել. «Եթե հանձնաժողովը համաձայնություն տվեց, կարող ենք այս նախագծի վրա էլի աշխատենք, հավասարության սկզբունքը պահենք: Օրինակ, մենք որոշենք օրերի քանակ ե՛ւ ծառայության իրավիճակի համար, ե՛ւ այս իրավիճակի համար, երբ դեռ նորակոչիկը չի գնացել բանակ: Եթե զորակոչի ընթացքում է դեպքը տեղի ունենում ու քաղաքացին ունի ծանուցում դեպքից հետո ներկայանալու, մենք կարող ենք այդ ծանուցումը չեղարկել ու երկրորդը տալ, ինքը վիճակահանությանը գա մասնակցի, իմանա ուր է գնալու, բայց իր զինծառայությունը սկսի դեպքից 40 օր հետո: Բայց երբ զորացրման ժամկետը գա, ինքը 40 օր հետո է զորացրվելու, որ հավասարության սկզբունքը պահվի»:

Սասուն Միքայելյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց. «Եթե ուզում եք լավ բան անեք, ով մի հատ տղա ունի, ծնող է կորցնում, բերեք բանակն այդ մարդկանց համար անենք 1,5 տարի, իմանանք այդ ընտանիքին օգուտ ենք տվել: Պլյուս դրան, ով ծնող է կորցրել, թող մի ամիս մարտական հերթապահության չգնա, հոգեբանն իր հետ աշխատի: Դա կլինի նորմալ»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ դրանք ապագային միտված փոփոխություններ են:

Արմեն Փամբուխչյան

Առաջարկվեց Արմեն Փամբուխչյանին նախագիծը 2 ամսով հետ կանչել, քննարկել, նորից մշակել: Նա համաձայնեց ու նախագիծը հետաձգվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031