Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակը սենց ժժմում եք սաղ, տղե՛րք, բանակին մի քիչ քիչ կպեք». Սասուն Միքայելյանը բարկացավ

Մարտ 23,2020 13:22

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման էր ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է, որ զորակոչի ընթացքում, երբ մահանում է զորակոչիկի ընտանիքի անդամը, իր դիմումի համաձայն՝ նախարարությունն իրավունք ունենա 6 ամիս տարկետում տալ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց, որ սխալ է համարում այդ օրենքի նախագիծը. «Բանակում առանց այդ էլ հազար ու մի բան է մտցվել: Ես սովետական բանակում եմ ծառայել, որտեղ կարգուկանոն է եղել: Ես առաջարկում եմ ոչ թե նման բան անել: Լավ, ենթադրենք, մարդը գնացել է բանակ ու զորակոչից մի ամիս հետո մերը մահացել է, իր ապրումները ոնց եք հասկանում: Դրա համար ես առաջարկում եմ, որ եթե մահանում է՝ ընդհանրապես խտրականություն չդնենք: Կամ 6 ամիս հետո այդ մարդը գնա բանակ ի՞նչ անի: Ավելի լավ է՝ 6 ամիս շուտ գա, ընտանիքի գլխին կանգնի: Առաջարկում եմ, որ եթե մահանում է մայրը կամ հայրը, 15-20 օր արձակուրդ տրվի: Հարազատն էլ որ մահանում է, նույն ձեւ թող մնա՝ 5-8 օր: Թե չէ ես չեմ գտնում, որ այսպես օգուտ կտանք»:

Փամբուխչյանը պատասխանեց. «Երբ մարդը գնում է ծառայության, ինքը զինվորական համազգեստ է կրում, թեկուզ 2 օր ծառայած լինի, հարց է առաջանում՝ մարդը արդեն զինվորական է, թեկուզ երդում չի տվել ու իր հոգեբանությունը զինվորականի մեջ է: Աստված չանի, կարող է պատերազմ լինի, մասնակցեն, իր ընկերները զոհվեն, մարդը հոգեբանորեն այդ տրամաբանության մեջ է: Իսկ երբ դեռ ինքը չի գնացել բանակ, քաղաքացիական տրամաբանության մեջ է ու իր ընտանիքի անդամը մահանում է, իր մոտ լինում են հոգեբանական խնդիրներ: Այդ հոգեբանական խնդիրներով գնա բանա՞կ: Բոլորս էլ գիտենք, որ մարդը մտնում է զորամաս, որոշակի ադապտացիայի կարիք է ունենում, նաեւ իր համար դիսկոմֆորտ է լինում առաջիկա օրերը, մինչեւ հարմարվի:

Սասուն Միքայելյանը բարկացավ. «Առանց այդ էլ բանակում հիմա իրավիճակ կա՞, հազար ձեւի ծառայություններ կան, տուն, ծնողական չգիտեմ ինչ, ճաշարանի խնդիր կա: Մեր սպան պայմանական կալանքի տակ է, սաղի վրա գործ կա: Սպայի դերակատարությունը բանակում չկա, վախենում է սպան զինվորին մի հատ բան ասի, այ ձեր ցավը տանեմ: Ասում եք՝ երկու օր ֆորմա է հագել… բանակը սենց ժժմում եք սաղ, տղե՛րք, բանակին մի քիչ քիչ կպեք, պիտի կարգուկանոն լինի բանակում: 6 ամիս եք ասում, ուրիշ բան, եթե լիներ 40 օր, 6 ամիսը պատկերացնո՞ւմ եք ինչ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031