Լրահոս
Օրվա լրահոսը

Նորակոչիկի մայրը ծննդաբերելիս մահացել է. դեպքը ստիպել է օրենքի նախագիծ բերել՝ եթե զորակոչիկի մայրը կամ հայրը մահացավ՝ 6 ամիս տարկետում կտան

Մարտ 23,2020 12:55

«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանն (լուսանկարում) այսօր պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման էր ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

Ներկայացնելով նախագիծը՝ Փամբուխչյանն ասաց. «Զորակոչի ընթացքում, երբ մահանում է զորակոչիկի ընտանիքի անդամը, իր դիմումի համաձայն, նախարարությունն իրավունք կունենա 6 ամիս տարկետում տալ»:

Նախագծի համար հիմք է հանդիսացել կոնկրետ դեպք, երբ նորակոչիկի մայրը ծննդաբերելիս մահացել էր: Փամբուխչյանն ասաց. «Իրենք գտնվում էին ծանր իրավիճակում, երեխան ողջ էր մնացել, մայրը՝ մահացել ու օրենքով չկար հնարավորություն, որ նախարարությունը տար տարկետում»: Փամբուխչյանն ասաց, որ նախարարությունից տեղեկացել է՝ ամեն զորակոչի ընթացքում նման դեպքեր լինում են:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին՝ որոշ վերապահումներով. «Հոգեբանական խնդիր կա, եթե զորակոչիկը կորցնում է հարազատ ծնողին: Ուզենք թե չուզենք, հոգեբանական տրավմա է տանում: Հեշտ ձեւ կա, եթե զորակոչի ընթացքում է, դա մեկ իրավակարգավորում է, եթե զորակոչի ընթացում չի՝ այլ կարգավորում է: Ասենք, ծառայության ընթացքում է ծնողին կորցրել, այդտեղ էլ են հոգեբանական խնդիրներ առաջանում: Զորակոչի ընթացքում միասնական լուծում կարող ենք գտնել՝ տարկետում ենք 6 ամիս տալիս: Քննարկենք, գուցե հոգեբանորեն ավելի լավ լինի, որ բանակը կանգնի իր թիկունքին, երբ ծնողին կորցրել է, քան թե մնա փողոցում»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքը նույնպես կողմ է նախագծին՝ որոշակի վերապահումով:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը տարակուսած էր ու նախագծին կողմ չէր. «Ենթադրենք, գնում է ծառայության ու իր ընկերը զոհվում է, այդ երեխայի համար դա սթրես չի՞: Մեկ էլ տեսար շատ նրբազգաց են, բանակը պիտի լինի բանակ, զինվորը պիտի լինի հաղթահարող բոլոր դեպքերում: Նման դեպքերի համար բանակում հոգեբան կա, թող հոգեբանը աշխատի, սթրեսից հանի, թե չէ սենց մեռանք բանակում շերտավորում դնելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031