Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե այդ օրենքը ընդունվի եւ մտնի ուժի մեջ, ապա մոտ ապագայում մեր երկիրը կանգնելու է լուրջ տնտեսական, քաղաքական եւ սոցիալական ցնցումների վտանգի առաջ»

Մարտ 23,2020 13:30

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեր երկրի համար մեծ վտանգներ է պարունակում: Շատ բարդ խնդիր է առաջանալու ապացույցներ ներկայացնելու հետ կապված, քանի որ նախկինում ոչ միշտ եւ ոչ բոլորից է պահանջվել իր գործարքների, ծախսերի, եկամուտների  վերաբերյալ փաստաթղթերի պահպանում եւ եկամուտների հայտարարագրում: Անթույլատրելի կլինի դրա բացասական  հետեւանքները դնել պատասխանողների վրա: Եթե այդ օրենքը ընդունվի եւ մտնի ուժի մեջ, ապա մոտ ապագայում մեր երկիրը կանգնելու է լուրջ տնտեսական, քաղաքական եւ սոցիալական ցնցումների վտանգի առաջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ, իրավաբան Տարոն Կակոյանը: Հիշեցնենք, նախագիծը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: Տարոն Կակոյանի հետ զրույցում անդրադարձել ենք նախագծի վիճահարույց կողմերին:

– Նախագծի հեղինակները հիմնավորում են, որ այն երկրում կոռուպցիայի կանխարգելման եւ ապօրինի ծագում ունեցող կապիտալը ետ վերադարձնելու լավագույն ձեւն է: Մանավանդ որ, նախագծի քննարկումներում շատ վկայակոչվեց միջազգային փորձը: ՀՀ կառավարության եւ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները վստահեցնում են, որ իրենք, այսպես ասած, հեծանիվ չեն հորինել, այլ փորձում են կիրառել արդեն հայտնի եւ փորձված մեթոդներ` երկրում օրինականություն հաստատելու համար:

– Տվյալ ինստիտուտը կիրառվում է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ  մի շարք այլ երկրներում։ Ինստիտուտի ներդրման օգտին են խոսում բազմաթիվ կոնվենցիաներ եւ միջազգային հանձնարարականներ, որոնք ՀՀ-ն վավերացրել է եւ պարտավորվել է անհրաժեշտ օրենսդրական դաշտ ապահովել։  Եթե ուշադրություն դարձնենք վերը նշված միջազգային համաձայնագրերին, ապա պարզ կդառնա, թե ինչ են հասկացել այս գաղափարի հիմնադիրները, «առանց մեղադրական դատավճռի» գույքի բռնագանձում թույլ տալու տակ։ Դրանց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առանց մեղադրական դատավճռի գույքը կարող է բռնագանձվել միայն այն բացառիկ դեպքերում, երբ անձը մահացել է, թաքնված է, կամ համանման ինչ-որ դեպքով չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։ Համանման կլինի, օրինակ, անձի լրիվ անգործունակ ճանաչվելը։ Հետեւաբար, հիմա եթե հարցին մոտենանք հակառակ կողմից, ապա, պիտի փաստենք, որ եթե անձը չի մահացել, չի թաքնվել, անգործունակ չէ, ապա նրա գույքը կարող է բռնագանձվել միայն մեղադրական դատավճռի հիման վրա։ Սա միջազգային պրակտիկան է: Հիմա տեսնենք, թե ինչ է առաջարկում մեր օրենսդիրը «առանց մեղադրական դատավճռի» գույքի բռնագանձում թույլ տալու տակ։ Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի համաձայն՝ «իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն այն դեպքում, երբ առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետեւյալ հիմքերից մեկով`  ընդունվել է համաներման մասին օրենք, անցել են վաղեմության ժամկետները, անձը մահացել է, անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին»:  Սա, ըստ էության, նշանակում է, որ որոշ դեպքերում գույքի բռնագանձման համար քրեական գործ չի էլ հարուցվի, սակայն փաստացի անմեղ անձը, ապրիորի, առանց հանցագործության կատարման մեջ կասկածվողի բոլոր իրավունքների պաշտպանության հնարավորության, կհամարվի հանցագործություն կատարած եւ անմիջապես անդրադարձ կկատարվի նրա գույքի ապօրինի ձեռք բերված լինելու հարցին։ Միջազգային փորձը, օրինակ` ԱՄՆ-ում «Նելսոնն ընդդեմ Կոլորադոյի» գործը, ցույց է տալիս նաեւ, որ քրեական եւ քաղաքացիական վարույթները ընթանում են զուգահեռ եւ եթե անձը անմեղ է ճանաչվել քրեական դատավարության կարգով, ապա վերջինս այլեւս չպետք է կրի իր անմեղությունը ապացուցելու որեւէ պարտավորություն եւ ետ ստանա իրեն պատկանող գույքը:

Մեր օրենքի նախագիծը, սակայն, նույնիսկ չի նախատեսում նաեւ որեւէ ընթացակարգ՝ արդարացված անձի կողմից իրեն պատկանող գույքը ետ ստանալու համար։

– Հանրային եւ խորհրդարանական քննարկումներում շատ խոսվեց նաեւ գույքի օրինականության վերաբերյալ՝ սեփականատիրոջ կողմից ապացույցների ներկայացման անհրաժեշտության դրույթը: Ի՞նչ խնդիր կա, եթե անձը վստահ է իր ունեցած գույքի օրինական ճանապարհով ձեռքբ բերված լինելու մեջ:

– Նախ պարզ չէ, թե ինչպես է դատախազի կողմից որոշվելու ուսումնասիրություն սկսելու հիմքերը բավարար համարելու սահմանները, որոնք են բավարար համարելու սկզբունքները, չափանիշները կամ չափորոշիչները:

Օրենքի նախագծի 22-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը։ Պատասխանողը կարող է վիճարկել գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ:

Եկեք հասկանանք, թե ինչ ասել է գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ եւ ինչպես է այն աշխատում քաղաքացիական դատավարությունում։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը հայտարարի, որ ինչ-որ գումարներ ստացել է ծնողներից դեռեւս նրանց կենդանության օրոք, ապա դատարանը կպահանջի, որպեսզի նման փաստարկ բերողը այն հիմնավորի համապատասխան փաստաթղթավորված ապացույցով՝  ներկայացնելով նվիրատվության պայմանագիր։ Իսկ եթե գումարը թողել է հանգուցյալ ծնողը, ապա, պետք է ապացույց ներկայացվի ժառանգական զանգվածի մեջ այն ներառված լինելու վերաբերյալ եւ այլն։ Ցույց տվեք մեր հասարակության մեջ այն անձանց, որոնց ծնողները գումարներ են տվել նվիրատվության պայմանագրերով։

Հետեւաբար կա ռիսկ, որ կլինեն ընտրողական, սուբյեկտիվ մոտեցումներ եւ տվյալ օրենքի նախագծում նշված գործիքակազմը կդառնա հարմար ճնշող միջոց յուրաքանչյուր իշխանության ձեռքին՝ իր համար ոչ ցանկալի անձանց դեմ այն օգտագործելու նպատակով:

– Շատ քննարկվեց նաեւ «փոխկապակցված անձ» հասկացությունը: Մեր պարագայում սա տրամաբանական ամրագրում չէ՞, քանի որ հայտնի է՝ պաշտոնյաները ձեռք բերած գույքը գրանցում էին զոքանչների, քեռորդիների, քենակալների եւ իրենց հետ փոխկապակցված այլ անձանց անունով:

– Նախագծի 3-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ փոխկապակցված են նաեւ այն անձինք, ովքեր ստացել են անհատույց գույք, կամ գույք են ստացել շուկայական գնից էականորեն ցածր գնով։ Հետեւաբար ստացվում է, որ եթե նախկինում անձինք կատարել են գործարք՝ սահմանելով իրականից ցածր գնման գին (իսկ այդպիսիք նախկինում շատ են եղել ամենատարբեր նկատառումներով), կամ այն ձեւակերպել են որպես նվիրատվություն, ապա վերջիններս կարող են զրկվել գույքից՝ հօգուտ պետության: Սա ասում եմ՝ չմոռանալով, որ օրենքը միտված է ոչ միայն ապագային, այլ նաեւ՝ անցյալին, քանի որ այդ օրենքի գործողությունը տարածվելու է 1991 թվականից սկսած ժամանակահատվածի վրա։  Լուրջ խնդիր է առաջացնում նաեւ տվյալ օրենքի նախագծի 23-րդ հոդվածը։ Այն սահմանում է, որ երրորդ անձի կողմից ձեռք բերված գույքը ենթակա չէ բռնագանձման, եթե վերջինս ապացուցում է, որ նա գույքը ձեռք բերելիս չգիտեր եւ ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին եւ ապացուցում է նաեւ, որ այդ գույքի ձեռքբերումը իր կողմից իրականացվել է իր օրինական եկամուտների (կամ դրամական միջոցների) օգտագործմամբ:

Հիմա եկեք հասկանանք, թե ինչ ասել է չգիտեր եւ ողջամտորեն չէր կարող իմանալ։ Եկեք պատկերացնենք, որ որեւէ քաղաքացի անցած 29 տարիներից որեւէ մեկում գնել է գույք ինչ-որ անձից, որը աշխատել է ոստիկան կամ քննիչ, դատախազ, հարկային տեսուչ, մաքսավոր, ավտոտեսուչ եւ այլն։ Ցանկացած «տրամադրված» դատախազ կարող է հանդիմանել տվյալ անձին, ասելով, որ ցանկացած ողջամիտ անձ պետք է իմանար, որ եթե նշված ոստիկանի, քննիչի կամ հարկային տեսուչի աշխատավարձը 150 000 ՀՀ դրամ է եղել ժամանակին, ապա նա այդ գույքը չէր կարող ունենալ, հետեւաբար, դու ողջամտորեն կարող էիր հասկանալ, որ այդ գույքն ապօրինի ծագում ունի, եւ նման այլ բաներ։ Ավելին, ինչպես տեսնում ենք նույն հոդվածից, երրորդ անձը (օրինակ՝ խոպանչին) կրում է նաեւ իր ստացած եկամուտների օրինական լինելը ապացուցելու պարտավորություն: Հետադարձ ուժով ավելի մեծ անհեթեթություն պատկերացնելը դժվար է։

Հետեւաբար  այդ օրենքի այս տեսքով ընդունումը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում նրա կիրառումը կարող է հանգեցնել նրան, որ օտարերկրյա ներդրողները չեն ցանկանա իրենց համար ռիսկային ներդրումներ իրականացնել մեր երկրում, քաղաքացիների զգալի հատվածի ձեռնարկատիրական գործունեությունը կխաթարվի եւ Հայաստանից կսկսվի կապիտալի մեծ արտահոսք:

– Իշխանությանն այս ընթացքում քննադատեցին «ընտրովի արդարադատություն» իրականացնելու մեջ: Այս նախագիծը, փաստորեն, նպաստելո՞ւ է սուբյեկտիվ մոտեցումը շարունակելուն:

– Ով գիտեր, սկսած 1991 թվականից ի վեր, մինչ այսօր՝ օրենքով սահմանված կարգով եկամուտները հայտարարագրելու որեւէ պահանջ չլինելու պարագայում, որ տարիներ հետո ընդունվելու է օրենք, որը հետադարձ ուժով իրենից պահանջելու է, որպեսզի ինքը կարողանա փաստաթղթավորված ձեւով հիմնավորել իր եկամուտները։ Հիմա հետադարձ ուժով պահանջում են մի բան, որ անձի մտքով անգամ անցնել չէր կարող տասնամյակներ։ Սա՞ է, արդյոք, արդարությունը։ Արդարություն կլիներ, եթե օրենսդրությունն ի սկզբանե անձանց վրա դրած լիներ եկամուտները հայտարարագրելու պարտականություն եւ հետո պահանջեր։ Եթե մի պահ փորձեք ինքներդ ձեզ դնել տվյալ գործը քննող դատախազի տեղը, ապա չեք նախանձի նաեւ նրան։ Մարդը քննում է գույքի ապօրինի ձեռք բերված լինելու վերաբերյալ մի գործ, որով հասցեատեր անձը անկեղծ հայտարարում է, որ հիմքերը չի պահել, չի կարող ներկայացնել, ժառանգական զանգվածի մեջ դրամը, թանկարժեք քարը, ոսկին չի արտացոլվել, քանի որ այնպես էլ իր տրամադրության տակ է եղել, հոր կամ մոր հետ ոչ մի նվիրատվության պայմանագիր չի կնքել գումար ստանալուց, քանի որ նման բան ոչ մի «ողջամիտ հայի», նույնիսկ տվյալ գործը քննող դատախազի մտքով չէր անցնի եւ վստահաբար՝ ինքն էլ իր ծնողների հետ որեւէ պայմանագիր չի կնքել, եւ այլն։  Ի՞նչ կանի դատախազը։ Բնականաբար, նա չի դիմի ռիսկի (եթե նույնիսկ անձամբ ու շատ անկեղծ հավատա իրեն տրված բացատրությանը), եթե դա չի ուղեկցվում համապատասխան փաստաթղթային ապացույցներով, որպեսզի ապագայում արդեն ինքը ստիպված չլինի բացատրել, թե ինչու է հավատացել բանավոր անհիմն բացատրությանը։ Այսպիսով, անտրամաբանական օրենսդրական կարգավորումից բացի, չափազանց նեղ շրջանակների մեջ դրված սուբյեկտիվ մոտեցումը եւս մշտապես ուղեկցելու է գույքի բռնագանձման գործընթացին եւ, կարելի է վստահաբար պնդել, որ այն միշտ աշխատելու է գույքի սեփականատիրոջ դեմ։

Մեծ խնդիրներ է առաջացնում նաեւ այն, որ ըստ այս օրինագծի, անձը, ով ստացել է ալիմենտ, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում կամ բարեգործություն, պետք է ապացուցի, որ չգիտեր եւ ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին։ Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ալիմենտ կամ վնասի հատուցում ստացող անձը ճշտի, թե ինչ միջոցներից է կատարվում վճարումը։

– Ըստ ձեզ, ի՞նչ լուծում պիտի տրվի, քանի որ Ազգային ժողովն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը:

– Լուծումը` ՀՀ Ազգային ժողովի  կողմից, մինչեւ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունելը, վերանայել այդ խնդրահարույց դրույթները եւ այդ օրենքի նախագիծը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին եւ միջազգային լավագույն փորձին։

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031