Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական նոր նկրտումները եւ Նախիջեւանը՝ որպես Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի ճնշման լծակ

Մարտ 23,2020 14:00

Նախիջեւանի շուրջ վերջին զարգացումների եւ թուրք-ադրբեջանական տարածաշրջանային շահերի վերաբերյալ «Առավոտը» զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Վերանյանի հետ:

– Պարոն Վերանյան, Էրդողան-Ալիեւ փետրվարյան հանդիպումից հետո հայտարարվեց, որ Թուրքիան մտադիր է Կարսից դեպի ՀՀ-ին սահմանակից Նախիջեւան նոր երկաթգիծ կառուցել (Կարս-Իգդիր-Նախիջեւան): Հայտնի է, որ այս ծրագիրը նոր չէ, սակայն, ձեր կարծիքով, ինչո՞ւ է Թուրքիան հիմա ակտիվացնում այն:

– Կարծում եմ՝ Անկարան փորձում է Մերձավոր Արեւելքում ու Սիրիայում Ռուսաստանի հետ դիմակայությունը «պրոյեկտել» հարավկովկասյան ուղղությամբ. դրանով Էրդողանը ձգտում է հավելյալ ճնշումներ բանեցնել Մոսկվայի նկատմամբ: Հարցի առնչությամբ ձեր ուշադրությունն եմ հրավիրում Անկարայի վերջին նախաձեռնությունների վրա: Մասնավորապես, նկատի ունեմ Ալիեւի հետ հանդիպումը, որին հաջորդեց Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ քայլերը միտված են ավելացնելու լարվածությունն արցախյան հիմնախնդրի համատեքստում` այլ ուղղություններով Մոսկվայից զիջումներ ակնկալելու նպատակով: Նախիջեւանյան ուղղությամբ ներդրումային նախագծերի իրականացման շուրջ Էրդողան-Ալիեւ վերջին պայմանավորվածությունները թերեւս անհրաժեշտ է դիտարկել նշված տրամաբանության համատեքստում: Նախիջեւանում տնտեսական ակտիվությամբ Էրդողանն ինչ-որ տեղ սիրաշահում է Ալիեւին` վերջինիս կողմից արցախյան ուղղությամբ լարվածության ավելացման դիմաց: Խոշոր հաշվով այս նախաձեռնությունները ենթադրում են հակառուսական ուղղվածություն ու համատեքստ: Նկատենք, որ Անկարան շուրջ մեկ տասնամյակ խոսում է այդ նախագծերի մասին, սակայն այդպես էլ կյանքի չի կոչում, ինչը ազդեցության լծակ է Ալիեւի նկատմամբ: Եթե Էրդողանը պատրաստվում է իրապես իրագործել նախագծերը, ապա խաղասեղանին դրված են համարժեք խաղաթղթեր:

-Եթե չեմ սխալվում, Նախիջեւանն Իրանից է գազ ստանում: Թուրքիան եւ Ադրբեջանը պայմանավորվել են նաեւ Իգդիր-Նախիջեւան գազատար կառուցել: Սա ինչպիսի՞ տնտեսական շահեր է հետապնդում Թուրքիայի համար, եւ արդյոք այդ շահը բացառապես տնտեսական է:

– Այո, Նախիջեւանին գազ մատակարարվում է Իրանից: Անկարան Իգդիր-Նախիջեւան գազատարի կառուցման նախագծով հետապնդում է ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ քաղաքական-ռազմավարական նշանակության շահեր: Գազատարի կառուցմամբ Թուրքիան նախ կհավասարակշռի Նախիջեւանում Թեհրանի տնտեսական-էներգետիկ ազդեցությունը: Գիտենք, որ Նախիջեւանում Թեհրանն ունի տնտեսական ազդեցություն. Թուրքիան խաղացնում է նախեւառաջ ռազմական, անվտանգային գործոնը: Հասկանալի է, որ նշված ներդրումային նախագծերը դրական կանդրադառնան ինքնավարության սոցիալ-տնտեսական իրադրության վրա: Մյուս կողմից, սակայն, վերջնահաշվարկով, հարցի երկարաժամկետ տեսլականով, այդ ամենում տուժող կողմը Ադրբեջանն է: Չունենալով ցամաքային սահման ինքնավարության հետ՝ նման նախագծերի իրականացումը ավելացնում է Նախիջեւանի տնտեսական ու քաղաքական կախվածությունն արտաքին խաղացողներից, նպաստում ինքնավարության նկատմամբ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների վերահսկողության նվազեցմանը: Պետք է նկատել նաեւ, որ Նախիջեւանի ուղղությամբ Անկարայի տնտեսական ակտիվության համար նպաստավոր ժամանակահատված է, երբ Իրանը գտնվում է Վաշինգտոնի հետ դիմակայությունում:

-Ձեր գնահատմամբ՝ Նախիջեւանի ռազմատնտեսական ներուժի մեծացումն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ինչպիսի՞ խաղաթուղթ կարող են դառնալ՝ ընդդեմ Իրանի եւ Հայաստանի: 

-Ճիշտ է, Անկարայում եւ Բաքվում շարունակում են խոսել եղբայրության մասին, սակայն շահերը չեն չափվում բարեկամությամբ: Ակնհայտ է, որ թեեւ թուրք-ադրբեջանական տանդեմը միասնական է հակահայկական դաշտում, սակայն կողմերն ունեն նաեւ հակասություններ տարածաշրջանային մի շարք հարցերում, այդ թվում` Նախիջեւանի հարցում: Այնպես որ, ես կխուսափեմ միեւնույն հարթությունում դիտարկել կողմերի շահերն ու ակնկալիքները նախիջեւանյան թեմատիկայի շրջանակում: Անշուշտ, Թուրքիան ձգտում է իր ռազմական ազդեցությունն ամրապնդել ինքնավարությունում՝ ի հակակշիռ Մոսկվայի ու Թեհրանի: Սակայն դա այնքանով է շահավետ Բաքվին, որքանով չի վտանգում ինքնավարության նկատմամբ Ալիեւի վերահսկողությունը: Ադրբեջանը փորձում է հավասարակշռել Նախիջեւանում Իրանի ու Թուրքիայի ազդեցությունը՝ հնարավորինս զսպելով ինքնավարությունում որեւէ մի կողմի ազդեցության մոնոպոլիզացման հնարավորությունը: Նախիջեւանում Անկարայի ռազմաքաղաքական ներկայության չափից ավելի ընդլայնումը Բաքուն փորձում է զսպել նաեւ Մոսկվայի հետ երկխոսությամբ: Կարծում եմ, որ ի տարբերություն Ադրբեջանի, Անկարան է շահագրգռված նախիջեւանյան ճակատի ակտիվացմամբ եւ Հայաստանի հետ սահմանային լարվածության մեծացմամբ: Ալիեւի ակնկալիքներն այս հարցում առավել լոկալ են, սահմանափակ ու ոչ խորքային: Հետեւաբար, այստեղ նույնպես առկա է շահերի անհամաչափություն: Թուրքիան Նախիջեւանում իր ռազմական ներկայությունն օգտագործում է՝ հակազդելու Մոսկվային հարավկովկասյան տարածաշրջանում: Կարծում եմ, որ մեծ հաշվով Նախիջեւանն Ադրբեջանի համար ավելի շուտ խնդիր է, քան ռեսուրս, հետեւաբար, Հայաստանի համար Նախիջեւանն Ադրբեջանի նկատմամբ ճնշման կարեւոր լծակ է եւ կարող է բավականին արդյունավետ օգտագործվել այդ տրամաբանության համատեքստում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031